Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ զորավարժություններ են անցկացնում. օգտագործվել է «Սմերչ» համակարգ
Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ», Facebook-ի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։
«Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղայայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։ Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` երկուական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ)։
Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն)։
Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով», - գրել է Ղուլյանը: