Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հոկտեմբեր / 2020 : 12-29

Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ԼՂ-ում հայ գերիների գնդակահարության կադրերը (լուսանկարներ)

Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը: 

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:

Տեսանյութերից մեկում, ենթադրաբար, երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:

 Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն կարգադրում է բարձրացնել ձեռքերը և գնալ դեպի իրենց: Նա նաև դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին իրենց լեզվով և ասում չհարվածել գերիներին: Երկրորդ տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս նրանց գնդակահարման պահը: Կադրերից դատելով՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են: Կադրի ետևում ձայնը հրամայում է՝ «Նշան բռնեք գլխին»: Հնչում են կրակոցներ, և տղամարդիկ ընկնում են:

BBC-ն հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում և գնդակահարության զոհերը մյուսում, նույն մարդիկ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Հետագայում այնտեղից հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:

Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցկայքերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:

Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում:

Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են հրապարակել տեսագրությունների վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ն:

Bellingcat-ի լրագրողները գտել են նաև հաստատումն այն բանի, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանցի օգտատերերը կասկածի տակ են առել տեսանյութերի իսկությունը՝ նշելով կադրերում արյան բացակայությունը: Սակայն BBC-ի կողմից հարցաքննված ռազմական փորձագետները վստահ են տեսագրությունների իսկության հարցում:

Ձայնագրությունը ցույց են տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկի սպայի: Վերջինս համաձայնվել է մեկնաբանել ձայնագրությունը անանունության պայմանով՝ անվտանգության նկատառումներով:

«Դրանք իսկական փամփուշտներ են, և սա իրական սպանություն է: Սա գնդակահարության իրական պահ է, և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմադրություն համարելու համար»,- ասել է փորձագետը:

BBC-ն հայցումներ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով:

Դիտվել է 676374անգամ
Վերջին լուրեր