28 / Հոկտեմբեր / 2020 : 20-43

 Ադրբեջանական բնակավայրերի այն բնակիչներին, որոնց տներին մոտ են ռազմական օբյեկտները, հորդորում ենք հեռանալ, որպեսզի մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք...

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, ևս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով և մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»,- գրել է նա։

Դիտվել է 345862անգամ
Վերջին լուրեր