29 / Հոկտեմբեր / 2020 : 00-20

Ջո Բայդենը Թրամփին կոչ է արել դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում

Վաղուց ժամանակն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիայի եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար: Այս մասին ասվում է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի խախտումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետը շարժվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որոնք արդեն իսկ չափազանց շատ են տառապել եւ պաշտպանության ու անվտանգության կարիք ունեն: Մեկամսյա ռազմական գործողություններից հետո ժամանակն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիայի հասնելու եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար:

Թեեւ նա պարծենում է նախընտրական հանրահավաքներում գործարքներ կնքելու իր հմտությամբ, Թրամփը ստիպված կլինի անձամբ միջամտել այս պատերազմը դադարեցնելու համար: Վարչակազմը պետք է լիովին կատարի եւ չհրաժարվի Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջներից, որպեսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան, կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել հակամարտության բորբոքումը զենքի մատակարարումներով, եւ, Թուրքիայի դեպքում, վարձկաններով:

Միացյալ Նահանգները մեր եվրոպացի գործընկերների հետ պետք է առաջնորդի ռազմական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերը եւ պահանջի միջազգային մարդասիրական օգնություն՝ տառապանքները վերացնելու համար։ Իմ ղեկավարությամբ մենք հենց դրանով էլ կզբաղվենք»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 67771անգամ
Վերջին լուրեր