Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2020 : 12-07

Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար /լուսանկարներ/

 

Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Օգտակար խորհուրդներ՝
Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:


Ձվի ներկում սուրճով (դարչնագույն)


Սա կարելի է համարել ձվերը ներկելու ամենաարագ ու հեշտ տարբերակը: Ներկելու գործընթացն առանձնապես ուշադրություն ու հսկողություն չի պահանջում:
Առաջնային խաշում ենք ձվերը մինչև վերջնական պատրաստ լինելը, այնուհետև պահում սառը ջրի տակ ու փոքր-ինչ հովացնում:
Եփում ենք սև սուրճը՝ 500մլ ջրի համար օգտագործելով 6-8 թեյի գդալ սուրճ: Պատրաստի սուրճը լցնում ենք խորը տարայի կամ բաժակի մեջ, ապա ձվերը զգուշությամբ ընկղմում նրա մեջ ու թողնում այդպես  2,5-3 ժամ՝ մինչև ցանկալի երանգի ստանալը:

 

Ձվի ներկում կարկադեով (երկնագույն)


Կարկադեով ձվի ներկումը շատ հեշտ է: Պատրաստում ենք կարկադեն մուգ կարմիր երանգով, լցնում խորը ամանի մեջ, այնուհետև նախապես խաշած ձվերը զգուշությամբ տեղափոխում թուրմի մեջ ու թողնում  այդպես մի քանի րոպե:
Անպայման ուշադիր եղեք և ձվերը երկար ժամանակով թուրմի մեջ մի թողեք, այլապես հնարավոր է ստանաք տհաճ մոխրագույն երանգ:

 

Ձվի ներկում սպանախով (կանաչ)


Սկզբի համար լվանում ու չորացնում ենք սպանախը, փաթաթում ձվի վրա և վրայից թելով ամրացնում մի քանի տեղից: Այնուհետև տեղադրում ենք ջրի մեջ և եփում մինչև ձվերի պատրաստ լինելը: Կարելի է եփելուց հետո ևս 15 րոպե ձվերը թողնել ջրի մեջ, որպեսզի ավելի հագեցած կանաչ գույն ստանանք:

Ձվի ներկում բազուկով (վարդագույն)


Վերցնում ենք միջին չափսի 2 հատ բազուկ ու խորանարդիկներով կտրատում, ապա ավելացնում 1/4 բաժակ սպիտակ քացախ և 3 բաժակ ջուր: Զանգվածը դնում ենք գազօջախին ու եռացնում, որից հետո  թուլացնում ենք կրակն ու եռացնում ևս 30 րոպե:
30 րոպեից հետո քամում ենք զանգվածը: Բազուկից ստացված կարմիր հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե (ջրի մեջ ավելի երկար պահելու դեպքում կստանանք լավ մուգ վարդագույն՝ կարմիրին մոտ երանգ):
Ահա և վերջ: Խոստովանեք, որ հեշտ է 

Ձվի ներկում զաֆրանով (նարնջագույն)


Եթե ունեք զաֆրան (шафран), ապա կարող եք ներկել ձվերն ու ստանալ գեղեցիկ նարնջագույն երանգ: Դրա համար 2 պտղունց զաֆրանը  լավ խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռման ջուր: Լավ խառնում ենք և թողնում այդպես մնա 5-10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Այնուհետև ստացված լուծույթի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերը և թողնում նվազագույնը 30 րոպե: Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ նարնջագույն երանգ, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս  կրկնապատկել զաֆրանի չափաբաժինը:

 

Ձվի ներկում կաղամբով (կապույտ)


Կաթսայի մեջ լցնում ենք 400գր  մանր կտրատած կարմիր կաղամբ, 1/4 բաժակ քացախ ու 1լ ջուր: Հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի, այնուհետև թուլացնում կրակը և եռացնում ևս 30 րոպե:
Քամում ենք ստացված զանգվածը: Հեղուկի մեջ ենք տեղադրում նախապես խաշած ձվերն ու թողնում այդպես նվազագույնը 30 րոպե:
Արդեն կապույտ երանգ ստացած ձվերը հանում ենք ջրից և չորացնում 

 

Ձվի ներկում  քրքումով (դեղին)


2 թ/գդ քրքումը խառնում ենք 3ճ/գդ քացախի հետ, ավելացնում 3 բաժակ եռացրած ջուր, լավ խառնում և թողնում այդպես 10 րոպե, որպեսզի ստանանք համասեռ զանգված:
Նախապես խաշած ձվերը տեղադրում ենք ստացված խառնուրդի մեջ ու թողնում այդպես 30 րոպեից ոչ պակաս մինչև ցանկալի երանգի ստացումը:
Իսկ եթե ցանկանում եք ստանալ ավելի վառ դեղին, ապա կարող եք լուծույթը պատրաստելիս կրկնապատկել քրքումի չափաբաժինը:

 

 Ձվի ներկում սոխի կեղևով  (դարչնակարմրավուն)


Վերցնում ենք 4-5 հատ սոխ և կեղևազրկում: Կեղևները լցնում ենք կաթսայի մեջ ու վրան ավելացնում 4 բաժակ ջուր: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո թուլացնում կրակը ու եռացնում ևս 15 րոպե: Ջրին ավելացնում ենք 3ճ/գդ աղ և 3 ճ/գդ սպիտակ քացախ:
Տեղադրում ենք հում ձվերը սոխի կեղևներով ջրի մեջ ու եռացնում 10 րոպե՝ մինչ ցանկալի երանգի ստացումը:

 

 Ձվի ներկում տորոնով  (ալ կարմիր)
1 կապ տորոնը եռացնում ենք 1 լիտր ջրի մեջ՝ ավելացներով մեկ պտղունց աղ։ Եռալուց հետո եփում ենք մոտ 15 րոպե, ապա թողնում ենք, որ սառչի։ Հում ձուն տեղադրում ենք ներկանյութով լի կաթսայի մեջ և կրկին եռացնում ենք մոտ 15 րոպե։ Եթե ձվերն ընկղմված չեն կարմիր հեղուկի մեջ, ապա պետք է մի փոքր ջուր ավելացնել։ Կրկին թողնում ենք, որ սառչի ջրի մեջ։ Եթե ամեն ինչ ճիշտ կատարենք, ապա կստանանք ալ կարմիր ներկված ձվեր։

 

Վտանգավոր ներկանյութեր
Շատերին թվում է, թե ձուն ներկելիս մենք գործ ենք ունենում միայն ձվի կեղևի հետ,  մինչդեռ վերջինս շատ բարակ է, նուրբ, և գունանյութերում առկա վտանգավոր տարրերը հեշտությամբ կարող են ներթափանցել ներս: Սակայն, եթե ամեն դեպքում վստահում եք սննդային արհեստական ներկանյութերին, ապա գնելիս տուփի վրա անպայման ուշադիր նայեք, որ դրանց մեջ ներառված չլինեն հետևյալ վտանգավոր գունանյութերը, որոնք արգելված են անգամ վաճառել շատ երկրներում`

Դիտվել է 127465անգամ
Վերջին լուրեր