11 / Ապրիլ / 2020 : 12-45

 «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը» դեռևս անհասանելի է Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում 

Մարդկանց մոտ տարակուսանք կա «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման» մասով. մի մասն այդպես էլ չգիտի ինչպե՞ս դիմել, մի մասն էլ՝ գիտի, բայց տվյալ հարթակում չի գտնում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում» ենթաբաժինը: Հայտարարվել էր, որ ապրիլի 10-ից հնարավոր կլինի լրացնել դիմումը, բայց պարզվում է՝ դեռևս հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած նոր ԹԵԺ ԳԾի հեռախոսահամարը /011 300 114/ շաբաթ և կիրակի օրերին զանգեր չի ընդունում: Ըստ նախարարության՝ 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, բայց մի շարք քաղաքացիների հավաստմամբ՝ իրենք այդպես էլ չեն կարողանում այս համարով կապ հաստատել համապատասխան մասնագետների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Մեր խմբագրությունը ևս պարբերաբար փորձում է միանալ թեժ գծին՝ հասկանալու համար  որքանո՞վ է այն հասանելի շարքային քաղաքացուն, սակայն ապարդյուն:
Տեղեկացնենք, որ անդրադառնալով հիշյալ որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր.

«Կորոնավիրուսի ծավալման առաջին օրերից, մենք խնդիր ենք դրել, որ գտնենք իսկապես կարիքավոր խմբերին, որպեսզի մեր աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական: Գիտեք, որ այս ընթացքում արդեն ութ միջոցառում ենք ընդունել, որոնցից չորսը սոցիալական աջակցության բնույթ ունի, իսկ չորսը՝ տնտեսական: Մենք արձանագրել ենք, որ այդ միջոցառումների շրջանակում չենք կարողանում հասնել մի սոցիալական շերտի, որի մի մասը մեր լավագույն ցանկության դեպքում, պետք է այդ կարգավիճակը չունենար: Խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց և, երկրորդը, ընդհանրապես որևէ աշխատանք չունեցող մարդկանց մասին է, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում, մասնավորապես ընտանեկան նպաստի ծրագրերում:

Մենք որոշեցինք, որ հասցեականության, այդ թվում՝ գաղափարականության առումով, շատ ճիշտ է, որ այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին: Այսինքն, ըստ էության, այս ծրագրի իրական շահառուն հադիսանում են ոչ թե ծնողները, այլ՝ երեխաները»:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, այս նախաձեռնությունը հասցեագրված է ՀՀ 200 հազար երեխաների և յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կտրամադրի միանվագ 26,500 ՀՀ դրամ:

Մեր խմբագրություն դիմած քաղաքացիներին տեղեկացնենք, որ  տեխնիկական խնդիրներն ամենայն հավանականությամբ կկարգավորվեն աշխատանքային օրերին, իսկ գրանցվելու և դիմում լրացնելու համար կարող եք  ավելի ուշ մուտք գործել հիշյալ կայքէջ՝

http://online.ssa.am/index.php?r=site%2Findex

Author's cover photo
Ամսաթիվ 11 / Ապրիլ / 2020 : 12-45
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 168528անգամ
Վերջին լուրեր