29 / Հուլիս / 2021 : 19-28
...Հող իմ, ներիր ինձ,
ես այսօր քնեցի երկար,
բայց չկարողացա տեսնել
երազը պապիս:

Արմեն Շեկոյան
Թոնիրներից ելնում էր ծուխը
երդիկներն ի վեր
և երկնքի վրա գրում էր`
Հ ա յ ա ս տ ա ն:

Հող իմ, ներիր ինձ,
ես այդպես էլ երբեք երդիկ չտեսա
և չիմացա ստույգ ոչինչ:

Արևը հոգնել էր իր միևնույն կետից,
արևը լցվում էր բաժակների մեջ,
իսկ պապիս հոգնած ձեռքերը
օդի մեջ գրում էին`
Հ ա յ ա ս տ ա ն:

Հող իմ, ներիր ինձ,
ես այսօր քնեցի երկար,
բայց չկարողացա տեսնել
երազը պապիս:

Հող իմ,
անհավատալի փոքրիկ իմ հող,
ես ուզում եմ մեծանալ անվերջ,
որ կարողանամ գրկել երկինքդ:

***
Զրույց մարդու հետ

Զարկեցիր ինձ, ո՛վ անցավոր,
քո հայացքով չոր ու ունայն,
զի՝ քեզ թվաց, թե իմ ցավը
քոնը չէ ու ի՜մն է միայն:

Մի պտույտից հետո դարձյալ
քեզ վրա եմ զարմանալու,
քանզի դո՜ւ ես, ո՛վ ողբացյալ,
իմ ցավերը դարմանելու:

***
Սեր
Ձմեռն անցավ։ Աստված իր հետ.
գնա՜ էլ, գա՜ էլ։
Էս ընթացքում դու ոչ մի օր
չես բացակայել
մտածմունքից իմ շուրջօրյա՝
ճոխ ու գունավոր,
ուր դու անվերջ թագուհի ես,
ու ես՝ թագավոր։

(«Անտիպոեզիա»)
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
1953-2021



Author's cover photo
Ամսաթիվ 29 / Հուլիս / 2021 : 19-28
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 10242անգամ
Վերջին լուրեր