Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հոկտեմբեր / 2020 : 13-52

«Պատերազմը մտել է բոլորի ընտանիքներ». BBC-ի ֆիլմը ռազմաճակատի հայ զինվորի ու նրանց մայրերի մասին (տեսանյութ)

Բրիտանական BBC հեռուստաալիքի պատրաստած նոր ֆիլմը պատմում է արցախյան ռազմաճակատի հայկական ուժերի ու նրանց մայրերի մասին:

«Երեսուն տարվա մեջ սա արդեն երրորդ պատերազմն է՝ առաջինը երկու կողմերից միասին խլեց 30 հազար կյանք, շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվեց, 2016-ի պատերազմում հարյուրավոր զոհեր եղան, իսկ այժմ արդեն մեկ այլ սերունդ է շտապում ռազմաճակատ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է սկսվում պատմությունը:

Ապաստարաններում անվտանգ անկյուն գտած հայ մայրերն ու կանայք կիսվում են կորստի ու սպասման պատմություններով:

«Սերնդից սերունդ անցնում է այս կռիվը: Իմ ամուսինն է զոհվել պատերազմի ժամանակ, հիմա իր (մատնանշում է մեկ այլ կնոջ) որդին է կանգնած սահմանին: Կարծես՝ այս պատերազմն անվերջ լինի»,-ասում է կանանցից մեկը:

Մեկ ուրիշը հիշում է եղբոր դաժան սպանությունը 1992-ին՝ պատերազմի ժամանակ, երրորդը հայտնում է, որ սկեսրայրն է զոհվել, չորրորդ կինն էլ, արցունքն աչքերին, պատմում իր կորստի մասին՝ 2016-ի քառօրյա պատերազմը տարել է աղջկա ամուսնուն՝ թողնելով երկու անչափահաս երեխաներին առանց հայրական խնամքի: Մեկ այլ մայր էլ պատմում է, որ որդուց տեղեկություն չունի, նրան փնտրել են հիվանդանոցներում, վիրավորների ցուցակներում, բայց՝ ապարդյուն:

Իսկ ռազմաճակատում զինվորներից մեկը ներկայացնում է, թե ինչպես արագ նկատեցին հակառակորդի տեղաշարժն ու հակահարված տվեցին՝ թույլ չտալով, որ թշնամական զորքերը ճեղքեն պաշտպանությունն ու շրջափակման մեջ վերցնեն իրենց:

Հաջորդիվ 19-ամյա զինվորի թաղման ողբերգական տեսարանն է: Արարողությանը մասնակցող երիտասարդ տղամարդն ասում է՝ «մենք հանձնվողը չենք, երեք պետության դեմ կռիվ ենք տալիս, բայց մինչև վերջին մարդն էլ գնալու ենք ու կռիվ տանք»:

«Էրդողանի ու Ալիևի երեխաները կռվի դաշտո՞ւմ են, ոչ: Մենք հասարակ ժողովուրդ ենք, միայն մեր որդիներն են այնտեղ, ինչո՞ւ»,-եզրափակում է ապաստարանի կանանցից մեկ ուրիշը:

Դիտվել է 77263անգամ
Վերջին լուրեր