«Էրդողանը կորոնավիրուսից էլ վտանգավոր է. պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն». Թուրքիայի նախկին վարչապետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է thenationalnews.com կայքը:
Դավութօղլուն կուսակցական պաշտոնյաների առջև իր ելույթում ասել է, որ Եվրոպայի և աշխարհի ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին է Էրդողանը:
«Տոհմային պետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է»-ասել է Դավութօղլուն:
«Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խոր կոռուպցիա, և մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է դրսում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,-ասել է Էրդողանի գլխավորած իշխող ԱԶԿ կուսակցության նախկին ղեկավարը:
Թուրք ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որն առաջ է բերվել 2016-ի Էրդողանի կողմից՝ ավելի շատ իշխանություն իր ձեռքում կենտրոնացնելու համար:
Դավութօղլուն նշել է, որ երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգին, քանի որ ներկայիս համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում:
Նա վերահաստատել է արտահերթ ընտրությունների իր պահանջը, որը ընդդիմությունը սկսել է բարձրացնել հոկտեմբերի սկզբին:
Դավութօղլուն Էրդողանի կառավարությունում վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 2014-2016 թվականներին մինչ կուսակցությունից հեռանալը և Թուրքիայի երկարամյա առաջնորդին մարտահրավեր նետելու համար մրցակցային քաղաքական շարժում ստեղծելը: Նա նաև եղել է Թուրքիայի արտգործնախարար 2009-2014 թվականներին և ունի կապերի լայն ցանց արտերկրում: