Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ
Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին եւ վտանգում է խաղաղությունն ու կայունությունն ավելի լայն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը, հայտնում է Kathimerini-ն:
«Անկարայի փորձը մարտահրավեր նետել եւ զավթել Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) եւ մայրցամաքային ջրերը` Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ անօրինական համաձայնագիր ստորագրելով ենթադրյալ ընդհանուր սահմանների սահմանազատման մասին, Թուրքիայի ռեւիզիոնիստական քաղաքականության օրինակ է Միջերկրական ծովի արեւելքում»,- ասել է նա:
«Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքին, խախտում է մեր ինքնիշխան իրավունքները եւ վտանգում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է նա` հավելելով, որ այդ համաձայնագրի հիման վրա Թուրքիան նաեւ միակողմանիորեն հայտարարել է, որ Հունաստանի կղզիները, ինչպիսին Կրետեն է, զրկված են իրենց ԲՏԳ-ից:
«Բոլորը պետք է հասկանան, որ ծովային գոտիների սուվերեն իրավունքները կարող են օրինականորեն իրացվել միայն պատասխանատու կառավարությունների միջեւ համաձայնեցված միջազգային համաձայնագրերի միջոցով` ՄԱԿ-ի ծովային օրենսդրության լիարժեք պահպանմամբ»,- ասել է Ֆլորոսը:
«Մնացած ամեն ինչը, օրինակ` հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումները, սադրանքները եւ ռազմական շահարկումները, չեն կարող ընդունվել Եվրոպայի կողմից»,- ասել է նա:
Նրա խոսքով` Անկարայի վերջին սադրիչ գործողությունները «լուրջ սրացում եւ ուղիղ սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»: «Հետազոտական նավն ուղեկցվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կողմից, ինչը ցույց է տալիս Անկարայի ցանկությունը ռազմականացնել խնդիրը` չնայած ռազմական հակամարտությունները լուծելու եւ ռիսկերն եւ միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից գործադրված բոլոր ջանքերին»,- ասել է նա:
Ֆլորոսը շեշտել է, որ Հունաստանի զինված ուժերը կայունության կարեւոր հենարան են Միջերկրական ծովի արեւելքում` շարունակաբար պաշտպանելով Եվրամիության ինքնիշխան իրավունքներն ու շահերը: «Դրա մասին պետք է բարձր եւ հստակ հայտարարվի: Մենք պաշտպանում ենք ոչ միայն Հունաստանի, այլ նաեւ եվրոպական սահմանները եւ շահերը»,- ասել է նա: