Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2020 : 19-46

«Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրությամբ տանջել են նաև երեխաներին». Ֆեոդոր Դոստոեւսկի

«Կարամազով եղբայրներ» (հատված) 

Նկարը՝ Ցեղասպանության թանգարան կայքէջից

 

— Տարօրինակ տեսքով ես խոսում,— անհանգիստ նկատեց Ալյոշան,— կարծես մի տեսակ ցնորվել ես։

— Ի դեպ, վերջերս Մոսկվայում մի բուլղարացի ինձ պատմում էր,— շարունակեց Իվան Ֆյոդորովիչը, ասես նույնիսկ չլսելով եղբորը,— թե ինչպես թուրքերն ու չերքեզներն այնտեղ, Բուլղարիայում, համատարած խժդժություններ են անում՝ վախենալով սլավոնների ընդհանուր ապստամբությունից. այսինքն այրում են, կոտորում, բռնաբարում են կանանց ու երեխաներին, գերիների ականջները գամում են ցանկապատին և այդպես թողնում մինչև առավոտ, իսկ առավոտյան կախում են նրանց. և նման շատ բաներ, որ երևակայելն անգամ անհնար է։ Իրոք, երբեմն խոսում են մարդու «գազանային» դաժանությունների մասին, բայց դա սոսկալի անարդարություն ու վիրավորանք է գազանների նկատմամբ, գազանը երբեք չի կարող այնքան դաժան լինել, որքան մարդը, այնպես արտիստաբար, այնպես գեղարվեստորե՜ն դաժան։ Վագրը պարզապես հոշոտում է, պատառոտում, և ա՛յդ միայն կարող է անել։ Նրա մտքովն անգամ չէր անցնի մարդկանց ականջները գամել ցանկապատին և ամբողջ գիշերը թողնել այդպես, եթե նույնիսկ ի վիճակի լիներ անելու այդ բանը։

Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրությամբ տանջել են նաև երեխաներին, մոր արգանդից դաշույնով կտրել֊հանելուց սկսած մինչև ծծկեր երեխաներին վեր նետելը և սվինի ծայրով բռնելը՝ այն էլ մո՛ր աչքերի առաջ հենց բուն հեշտանքն էլ մո՛ր աչքերի առաջ անելն էր։ Բայց ահա այսպիսի մի տեսարան հատկապես հետաքրքրել է ինձ։ Պատկերացրու. ծծկեր մանկիկը՝ դողահար մոր ձեռքերին, շուրջը՝ ներխուժած թուրքեր։ Նրանք մի զվարճալի խաղ են սկսել. փայփայում են փոքրիկին, ծիծաղում են, որպեսզի նրան էլ ծիծաղեցնեն, և հաջողում են, մանկիկը ծիծաղում է։ Այդ րոպեին թուրքը նրա վրա ատրճանակ է ուղղում՝ դեմքից չորս մատնաչափ հեռավորությամբ։ Մանկիկը ուրախ ծլվլում է, թաթիկները երկարում, որ բռնի ատրճանակը, և արտիստը հանկարծ չրթացնում է բլթակը ուղիղ նրա երեսին, ջախջախում նրա գլխիկը... Արվեստ է, այնպես չէ՞։ Ի դեպ, ասում են, որ թուրքերը քաղցրավենիք շատ են սիրում։

— Եղբա՛յր, ինչո՞ւ ես պատմում այդ բոլորը,— հարցրեց Ալյոշան։

— Ես կարծում եմ, որ եթե սատանան գոյություն չունի և ուրեմն մարդն է ստեղծել նրան, ապա ստեղծել է իր կերպարանքով ու նմանությամբ։

ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՒՍԿԻ

«ԿԱՐԱՄԱԶՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» (ՀԱՏՎԱԾ) 

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Նոյեմբեր / 2020 : 19-46
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 125558անգամ
Վերջին լուրեր