07 / Նոյեմբեր / 2020 : 10-22

Բայդենը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ դեռ պատրաստ չէ հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին, սակայն արդեն իսկ պարզ է, որ հաղթել է, գրում է The Guardian-ը։

Բայդենի խոսքով՝ իրեն կհաջողվի ստանալ ընտրվելու համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչի ձայն։

«Թվերը մեզ պարզ ասում են՝ մենք հաղթելու ենք այս մրցապայքարում։ Մենք հաղթում ենք Արիզոնայում և Նևադայում։ Մեր առավելությունը Նևադայում կրկնապատկվել է։ Մենք պատրաստ ենք ստանալ ավելի քան 300 ընտրիչի ձայն», - ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ ավելի քան 74 միլիոն ամերիկացի արդեն իսկ իրեն է աջակցել, ինչ ավելին է, քան երբևէ գրանցվել է ԱՄՆ պատմության մեջ։

Իր համախոհներին Բայդենը կոչ է արել պահպանել հանգստություն, քանի դեռ շարունակվում է ձայների հաշվարկը՝ խոստանալով, որ թույլ չի տա դադարեցնել այդ գործընթացը։

«Ձեր ձայները կհաշվվեն, և ինձ համար միևնույն է, թե ով և ինչպես է փորձում դադարեցնել ձայների հաշվարկը։ Ես թույլ չեմ տա, որ նման բան տեղի ունենա։ Մենք կարող են տարաձայնություններ ունենալ, և դա նորմալ է», - հավելել է նա՝ ընդգծելով, որ աշխատելու ինչպես իրեն սատարողների, այնպես էլ իր դեմ քվեարկածների շահերից ելնելով»։

Դեմոկրատ թեկնածուի խոսքով՝ ամերիկացիները պետք է հիշեն, որ հակառակորդները կարող են ընդդիմախոս լինել, սակայն նրանք թշնամիներ չեն։

«Համենայն դեպս մենք կարող ենք համաձայնել, որ միմյանց նկատմամբ պետք է քաղաքակիրթ լինենք», - նշել է Բայդենը։

 

Դիտվել է 43297անգամ
Վերջին լուրեր