Մենք թույլ չենք տա որևէ փոփոխություն. Ամիր Հեյդարի
Մենք ներգրավված կողմերից ոչ մեկի կողմից չենք և նույնիսկ նրանց հրավիրում ենք ընտրել պատերազմից բացի այլ տարբերակ իրենց տարաձայնությունները լուծելու համար։ Այնուամենայնիվ, մեր կարմիր գիծն այն է, որ մենք թույլ չենք տա որևէ փոփոխություն տարածաշրջանի պաշտոնական և միջազգային աշխարհագրության մեջ։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակային ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Հեյդարին՝ անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին, գրում է իրանական «Ազարիհա» տելեգրամյան ալիքը։
Հեյդարին նշել է, որ երկու երկրների հետ Իրանի ընդհանուր սահմանները ուշադիր հսկելիս իրանական ուժերը տեղակայված են նշված սահմանների մի մասում և միևնույն ժամանակ հետևում են զարգացումներին սահմաններից դուրս:
«Ներկայումս մեր սահմաններին սպառնալիք չկա, և ես չեմ ուզում դա կանխավճռել, բայց նրանք, ովքեր գրում են մեր երկրի դեմ, պետք է իմանան, որ մեր զինված ուժերը, հատկապես բանակը, հնարավորություն ունեն հսկելու մեր երկիրը», - ընդգծել է ցամաքային զորքերի հրամանատարը՝ հավելելով, որ զինված ուժերը երկիրը չեն տա որևէ թշնամի ուժի` «նույնիսկ եթե դա կախված լինի այլ ուժից»։