11 / Նոյեմբեր / 2020 : 11-54

Ո՞րն էր այս պարտության պատճառը․ Վրույր Թադևոսյան

Պրոդյուսեր, հաղորդավար  Վրույր Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԴԵՐ ԶՈՐԻ ՃԱՄՓՈՐԴ։ ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մինչև բուն նյութին անցնելը մի բան պատմեմ որպես նախաբան։ Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում այսպիսի մի չգրված կանոն կար (անշուշտ՝ ոչ մասսայական)՝ հայը հայից խուսափում էր, հետը «գործ չէր բռնում», չէր վստահում, աշխատանքի չէր ընդունում՝ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար։ Մի քիչ վճարունակ հայերի մի մասը տեղափոխվում է քիչ հայաշատ քաղաքներ, որպեսզի հանգիստ ապրի՝ առանց բամբասանքների ու «հետևող աչքերի»։ Ընդ որում՝ նրանցից ամեն մեկն իր սեփական փորձի վրա հիմնված դառը արդարացումն ունի։ Լոս Անջելեսում օրինակ, երբ իմացանք պատերազմի լուրը, հայերը կպան իրար, սոսնձվեցին, մոռացան դարավոր թշնամանքն ու բամբասանքները (իսկ դրանք այնքան շատ են ու այնքան խորը, որ նույնիսկ ազատազրկումների ու սպանությունների են հասցրել) միավորվեցին #ՀանունՀայրենիքի։ Մի հայ մտերիմ ընտանիք ունեմ, բավականին վճարունակ, սեփական բիզնեսով առանձնացած ապրում էր։ Ցույցերից մեկի ժամանակ հանդիպեցինք, ասում էր՝ «…ապեր, չես պատկերացնում՝ ոնց եմ ուզում Գլենդել (որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են) տեղափոխվեմ, մի տեսակ վերջապես ինձ Հայաստանում զգացի, կարոտել էի էս տեսակ հայկական միջավայրը, ընտանիքներին, իրար գրկելն ու վատ բան չմտածելը, էս որ էս ազգից էլ չկա աշխարհում՝ պետքա իրար կպած մնանք, գնում եմ Հայաստան Վրույր ջան, տենանք՝ ինչ կանեմ։ Կարողա տեղափոխվենք ընդե, էրեխեքն արդեն մեծ են…կերևա, տենանք…»։ Բարեկամիս ճակատագրի մասին դեռ կպատմեմ վերջում…

Պատերազմը շատերի աչքերի առաջ փշրեց «Պետություն» և «Պետականություն» եզրույթները, չեք կարող դա ժխտել, ամենուր հուսալքություն ու հառաչանքներ են։ Սփյուռքում մարդիկ կան, որ արդեն իսկ սկսել են կասկածի տակ առնել Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակությունը։ Ու վստահ եմ՝ Հայաստանում ապրողներն ավելի ծանր վիճակում են հիմա, որովհետև զավակ կորցնելուց հետո կորցնում են հողը, կորցնում են ընտրված առաջնորդին, նրա վարչակազմի նկատմամբ վստահությունն ու հույսը։ Հետևաբար՝ կորցնում են վաղվա անելիքների մասին պատկերացումները, կորցնում են ապագայի ծրագրերն ու որբացած են զգում:

Անկասկած՝ թուրքը մտավ մեր տուն։ Անկասկած՝ այս խայտառակ պարտությամբ սկսվում է հայաթափության, հայ ժողովրդին արդեն սեփական բնօրրանից վռնդելու, գաղթի ու Դեր Զորի ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ալիքը։ Երանի հիմա սխալվեմ, բայց ոնց հասկնում ենք՝ այս պայմանագրով սկսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանը ռուսական գուբեռնիայի վերածելու մի գործընթաց, որն այս պահին ռուսական իմպերիալիստական ծրագրի մի մաս է։ Նույն ճակատագիրն, ի դեպ, սպասվում է մի քանի այլ երկրների, (օրինակ՝ Բելառուս), որոնք այս պահին մեր մտահոգվելու առարկան չեն։ Անկասկած՝ աշխարհը ՆՈՐ ՎԵՐԱԲԱԺԱՆՄԱՆ Է ԳՆՈՒՄ։ Անկասկած՝ սրանով տրվում է մի նոր պատերազմի մեկնարկ, որը շատ մոտ է և բոլորս պետք է սկսենք պատրաստվել ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։

Ուզեք, թե՝ ոչ, մեր դիվանագիտությունը պարտվել է, մեր Սփյուռքը պարտվել է, 10 մլն հայությունը պարտվել է 09.11.2020-ին։ Ներողություն՝ այդ օրը դրվել է պարտության վերջնական կնիքը, որովհետև մենք պարտվել ենք 105 տարի շարունակ՝ ԱՄԵՆ ՕՐ։ Վերջինը՝ կնիքով ու եռակողմ ստորագրությամբ՝ 9/11-ին։ Եվ այս պարտությունն այսքան ամոթալի չէր լինի, եթե ժամանակակից աշխարհում չլիներ։ Այսքան խայտառակ չէր լինի, եթե այս մասին մենք չիմանայինք ամիսներ առաջ։ Իսկ մենք գիտեինք։ Պատերազմի ու դրա հետևանքների սցենարն արդեն շուրջ երկու տարի է շրջանառության մեջ է։ Մեր օրերում, մեր ունեցած հնարավորություններով ՊԱՐՏՎԱԾ լինելը նսեմացնող է։

Ո՞րն էր այս պարտության պատճառը։ Հավատացեք՝ յուրաքանչյուրի բերած օրինակ մեջ ճշմարտություն կա, ուստի, գոնե այս անգամ, լսեք ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ։ Եվ բոլոր 4 նախագահները, և բոլոր գերատեսչությունների ղեկավարները, և մեզանից յուրաքանչյուրը՝ Սփյուռքից մինչև սահմանամերձ մի հեռավոր գյուղ, իր մեղքի բաժինն ունի։ Չասեք՝ ՈՉ։ 105 տարին վկա։ Պատճառների վրա չեմ ուզում երկար կանգ առնել, որովհետև ժամանակ դեռ կլինի դրանք քննելու համար, բայց մի համընդհանուր ՊԱՏՃԱՌ ԿԱ, որիին չեք կարող հակադարձել՝ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԻՆ ԷԻՆ։

Հիմա, եթե նույնիսկ ինչ որ իմաստով կորցրինք պետականությունը, կամ եթե կուզեք՝ դրա զգացումը, այնուամենայնիվ մենք դեռ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆՔ։ Պետության ու Հայրենիքի սահմանները երբեք նույնը չեն եղել, չեն զուգահեռվել անգամ։

Եվ այսօր մեր Հայրենիքին պետք է՝

Համահայկական ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ Սա՝ աշխարհի հայությունից ստեղծված մի գերագույն մարմին պետք է կազմի։ ԱՐԱԳ։ ԱՆՀԱՊԱՂ։ Ներառելով առանց բացառության բոլոր շերտերի ներկայացուցիչներին։

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՈՒԺԵՂ ԱՆՀԱՏՆԵՐ` ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Սփյուռքի դերը՝ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՀԱՅԻՆ։ Տեղ տալ դրսևորվելու, ռեսուրս, գումար ու միջոց չխնայել ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ որակյալ կրթությամբ ու կապերով ապահովելու համար։ Արտագաղթ է լինելու, դեպի ԱՄՆ՝ հատկապես։ Ու գալու են ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ։ ՊԱՏՐԱՍՏՎԵ’Ք։ ՊԱՏՐԱՍՏԵ’Ք։
Սփյուռքը պետք է ակտիվ մասնակցություն սկսի երկրի ներպետական և քաղաքական գործընթացներում, որովհետև ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ հետ հաշվի են նստում գերտերությունները, իսկ Հայաստանի հետ, ցավոք, ոչ։ Պարտությունը վկա։ Եվ հակառակը՝ օրհասական պահին Հայրենիքը դիմում է Սփյուռքին, ուրեմն՝ Սփյուռքը պետք է լայնորեն ներկայացված լինի այդ հայրենիքի մի հատվածի վրա ձևավորված Պետության գործառույթներում, որովհետև կարող ուժ է և ՄԵԾ ԿԱՊԵՐՈՎ։
Սփյուռքի ուժեղ ու ազդեցիկ ներկայացուցիչները պետք է ակտիվ ներդրումներ սկսեն այդ Պետությա ներսում՝ զորացնելով ԱՆՀԱՏԻՆ, ՆՐԱ ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՏՏ ՈԼՈՐՏԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ։

ԴՊՐՈՑՆԵՐ ԿԱՌՈՒՑԵՔ այդ պետության տարածքում։ Շատ։ Տարեք մասնագետներ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ սեփական միջոցներով, որովհետև Հայաստանում էլ միջոց չկա և չի լինելու առաջիկա մի քանի տարիների ընթացքում։
Բացառապես միայն ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ կօգնի հաղթահարել այս ճգնաժամը, իրար սոսնձվելը այնպես, ինչպես եղավ անցնող 44 օրերի ընթացքում։ Դրույթներ շատ կան, առաջիկայում էլի կխոսեմ այդ մասին, ու միայն այս ամենից հետո մեր դիվանագիտությունը կաշխատի, այս ամենից հետո մենք կկարողանանք ստիպել աշխարհին խոսել մեզ հետ։ Հողերը տվել ենք արդեն։ Արցախը տվեցինք այնպես, ինչպես Անին, Կարսը, Արդահանը… Ու հիմա հաջորդ 105 տարիներիները ՉՊԵՏՔ Է ծախսենք հողերը հետ պահանջելու վրա։ Այլ պետք է ՈՒԺԵՂԱՆԱՆՔ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ նոր պատերազմի, որը հեռու չէ։ Սկսեք ուժեղացնել ՀԱՅԻՆ, որը վաղը կանգնելու է սահմանին։

Եթե դեռ չեք մոռացել Բարեկամիս, ավարտեմ նաև նրա պատմությունը։ Այդ հայրենասիրկան ոգով նա որոշեց գնալ Հայաստան, տեսնի՝ ինչով կարող է օգնել։ Մեկ շաբաթ անց հետ եկավ, արդեն գիտեր, որ Շուշին կորցրել ենք, ու, հավանաբար, լսել էր նաև «դավաճանությունների» մանրամասները։ Հետ եկավ սպասվածից շուտ ու հարցիս՝ ի՞նչ կար, մեկ վայրկյան ծանր շնչեց, պատասխանեց. «Եսիմ ապեր… ճիշտն ասե՞մ… Մենք անհույս ենք… քֆուր չտամ…լավա՝ տունս չծախեցի…»։

Սա է բոլոր ժամանակների մեր պարտությունը: Եթե սա փոխենք, մենք կուժեղանանք: Եթե ոչ` դեռ 105 տարի կդեգերենք...»։

Դիտվել է 18637անգամ
Վերջին լուրեր