11 / Նոյեմբեր / 2020 : 12-15

«Նա վազել էր՝ որպեսզի պայթյունից հետո փրկի իր 2 ընկերներին». ապագա սրտաբան, ռազմական բժիշկ Ազատ Զաքարյանի մասին

Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պայքարելիս 22 տարեկանում նահատակվել է նաև Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող, ապագա սրտաբան Ազատ Զաքարյանը: Պատերազմի առաջին օրից Ազատը դիրքերում էր, Արցախի ամենաթեժ կետերից մեկում` Հադրութում։ Yelaket.am-ի (Ելակետ լրատվական)-ի Մեդիֆիլդ բաժնի տեղեկությամբ, քաջարի մարտիկը ոչնչացրել է թշնամու մեծ թվով միավորումներ և քաջաբար պայքարել մինչև վերջ:

«Ազատն ու ես Կոտայքի մարզի բնակիչներ էինք՝ Ջրառատ գյուղից, և ինչպես բնորոշ է բոլոր գյուղական վայրերին, բոլոր երեխաներս մի տան պես խաղում էինք միմյանց հետ»,- հիշում է  մեր հերոսի հետ միևնույն բակում մեծացած Վերգինե Ենգիբարյանը:

Անմեղ մանկության վերհուշներ՝ կապված Ազատի հետ, Վերգինեն շատ ունի: Լավ հիշում է, թե ինչպես էին բեմականացուներ ներկայացնում, և քանի որ Ազատն ու իր քույրիկը իրենց բակի ամենասպիտակ երեխաներն էին, ամեն անգամ միջոցառման ժամանակ նրանք թագավոր ու թագուհին էին բեմադրում: Իր խոսքերով՝ խաղերում միշտ թագավորի կերպար մարմնավորող տղան  շատ բանիմաց էր, բոլորի կողմից հարգված ու սիրված: Երբ արդեն մեծացել են, կյանքի թելադրանքով ամեն մեկն իր ուղղիով է գնացել: Չնայած, որ Ազատը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Բժշկական համալսարան, սակայն Վերգինեի խոսքերով՝ ոչ-ոքի չէր մոռանում.

«Մեծացանք, էլ այնքան հաճախ չէինք հավաքվում, բայց Ազատը մեր մեջի ամենաջիգյարովն էր. բոլորիս հետ կապ էր պահպանում»:

Համագյուղացու պատմելով՝ Ազատն իր մասնագիտությունը շատ էր սիրում: Իրենց գյուղի տան նկուղում մի փոքրիկ լաբորատորիա էր ստեղծել, փորձարկումներ էր անում գորտերի ու մկների վրա.

«Նկարում էր ու ինձ ուղարկում էդ հաջող ու անհաջող փորձերը: Շատ խելացի էր, շատ նպատակասլաց, ամենակարևորը՝ լավ զավակ էր ու լավ ընկեր, միշտ բոլորի հետ, բոլորի կողքին»:

«Ազատը խելագարության չափ սիրում էր սովորել, անգամ ծառայության մեջ գտնվելու ժամանակ խնդրել էր իրեն գրքեր ուղարկել»,-մանկության ընկերուհու խոսքն ամբողջացնում է հերոս Ազատի քույրը՝ Նանե Մարգարյանը.

«Նա վազել էր՝ որպեսզի պայթյունից հետո փրկի իր 2 ընկերներին, նա պայքարեց, որ ես ունենամ հայրենիք, որպեսզի իմ երեխաներն ունենան տուն»:

«Նա միշտ օգնում էր, խորհուրդներ էր տալիս բոլորին,-պատմում է  Նանեն՝ նշելով, որ իրեն կարելի է անգամ նախանձել, քանի որ ինքն Ազատի նման մեծ եղբայր ունի.

«Չե՛ք պատկերացնում, թե ինչքա՜ն եմ ես հպարտանում նրանով»,-անկեղծանում է քույրը՝ կիսվելով իր ամենանվիրական ցանկությամբ.

«Ոզում եմ, որ  բոլոր մարդիկ իմանան նրա մասին, իմանան մեր քաջարի հերոս Ազատ Զաքարյանի պատմությունը»:

Պետք է նշենք, որ մեր խմբագրակազմը ևս միանում է Նանեի ցանկությանը՝ գործելով  մեր բոլոր անմահացած հերոսների հիշատակը վառ պահելու սկզբունքով՝ նրանց հերոսությունների մասին մեր ներկա և ապագա սերունդներին հուշեր փոխանցելու գաղափարի ներքո:

Զինվո՜ր, բժի՜շկ , խոնարհվում ենք  բոլորիդ առաջ….

Աննա Ավետյան

 

Author's cover photo
Ամսաթիվ 11 / Նոյեմբեր / 2020 : 12-15
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 92612անգամ
Վերջին լուրեր