11 / Փետրվար / 2020 : 15-33

Հանրաքվեի հակառակ կողմը

Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը, որ անգրագիտության պատճառով չէր կարողացել որոշել Ամուլսարի հանքի շահագործման լավ ու վատ կողմերը, հիմա իրավաբան է դարձել և պետք է որոշի Սահմանադրական դատարանի հետագա ճակատագիրը:

Իրականում դժվար է կռահել՝ հետագա ճակատագիրն ինչպիսին  է լինելու կամ արդյո՞ք լինելու է այնպես, ինչպես խոստանում են իշխանությունները՝ գլխավորությամբ վարչապետ Փաշինյանի:

 

Սկսենք նրանից, որ սպասվող Սահմանադրական փոփոխություններն իրենց մեջ հակասահմանադրական տարրեր են պարունակում, որովհետև սահամանդրական փոփոխությունների փաթեթը պետք է հավանության արժանանա Սահամանադրական դատարանի կողմից, մի կարևոր քայլ, որը չի արվել և խնամքով թաքցվում է իմ և ձեր, մեր՝ բոլորիս հարևան Պողոսից: Իհարկե, եթե իշխանության առաջարկը քննվեր ՍԴ-ի կողմից, կլիներ շահերի բախում, որովհետև մարդն ինքն իր մասին չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Ահա առաջին թնջուկը, որը լուծելու փոխարեն՝ իշխանությունները պարզապես շրջանցել են այն:

Այն, որ աղքատ երկրի բյուջեից 7-8 միլիոն դոլար է տրամադրվելու, որպեսզի իշխանությունը մի քանի շաբաթ ժողովրդին համոզի  «այո» ասել հանրաքվեին, պարզ է, տխուր է, բայց՝ պարզ ու հասկանալի: Բայց ընթացիկ հարցեր են առաջանում, որոնք ո՚չ միայն հասկանալի չեն, այլև անհանգստանալու տեղիք են տալիս:

Նախ՝ դեռևս հստակ որոշված չէ, եթե դադարեցվում են ՍԴ-ի յոթ անդամների լիազորությունները, ովքե՞ր են փոխարինելու նրանց, ի՞նչ սկզբունքերով և ի՞նչ ժամկետներում: Ավելին՝ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ այսօր կիսատ գործեր ունեն ՍԴ-ում, նրանք երաշխիքներ ստանալու՞ են իրենց գործերի մասով, այդ գործերը դատարանի նոր կազմը շարունակելու՞ է, թե՞ վերսկսելու է՝ հիմնավորելով, որ դրանք արվել են «ոչ լեգիտիմ» կազմի կողմից: Այդ պարագայում օրենքի ի՞նչ ուժ են ունենալու բոլոր այն որոշումները, որոնք ՍԴ-ն կայացրել է գոնե Հրայր Թովմասյանի նախագահության տարիներին:

Դառնանք խտրական մոտեցմանը. ի՞նչ սկզբունքով է որոշվել ՍԴ այն անդամների ցանկը, որոնց լիզորությունները պետք է դադարեցվեն: Ինչու՞ միայն ընտրված յոթը, իսկ մյուս երկուսը՞ , նրանք լեգիտի՞մ են, մաս չե՞ն կազմել Հրայր Թովմասյանի ղեկավար ՍԴ-ին: Այս գործելաոճը մեզ ստիպում է ենթադրել, որ իշխանությունը գնում է հանրաքվեի ոչ թե հանուն օրինական ՍԴ-ի, այլ՝ իշխանությանը մաս կազմող, ենթարկվող ՍԴ-ի, ինչպես եղել է նախկինում:

Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ ընթացքում տեղի է ունենում արդարադատության հստակ միջամտություն: Դատարանի անդամներն աշխատում են, հետագայում էլ, եթե թույլ տրվի, կաշխատեն, բայց իշխանությունը որոշել է հանրաքվեի միջոցով դադարեցնել նրանց լիազորությունը: Կարելի է հարգել իշխանության այդ պահանջը, ավելին՝ աջակցել դրան, եթե լիազորություններից զրկվող դատավորները գոնե մեղադրվեին որևէ հանցագործության, օրենքի խախտման մեջ: Իսկ ինչպես տեսնում ենք, նման մեղադրանքներ չկան, կա միայն իշխանության ցանկությունը՝ ամեն գնով  «գրավել» ՍԴ-ն, որն էլ արվում է: Սա արդարադատության բացահայտ միջամտություն է:

Պետք է նկատի ունենալ նաև այն, որ հանրաքվեի որոշումը կայացնելուց առաջ իշխանական թևը որևէ քննարկում, լսումներ կամ մասնագետի կարծիք հաշվի չի առել, գործել է հապճեպ, առանց ծանրութեթև անելու հետագա զարգացումները, որոնք հղի են բազմաթիվ վտանգներով, օրինակ՝ տնտեսության զարգացման խանթարման տարրերով, բացի այդ, նման շտապողականությունը կասկածների տեղիք է տալիս, որոնք, գոնե այս պահի դրությամբ, իշխանության կողմից հիմնավոր չեն հերքվել:

Այն խոստումները, համաձայն որոնց՝ «սահմանադրական ճգնաժամ» կոչվածը հանրաքվեից հետո հետո վերանալու է, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում: Առաջարկվող ծրագիրն այնքան ծավալուն է, այնքան աշխատատար, որ գոնե մեկ տարի հարկավոր է ամեն ինչ ռելսերի վրա դնելու համար, այս տեսակետներն ունեն նաև մի շարք առաջատար իրավաբաններ: Այսինքն, թող ներվի ասել, բայց մենք մեկ տարի շարունակ Սահամադրական դատարանի անգործություն ենք ունենալու, ՍԴ-ն մեկ տարի չի աշխատելու, կիսատ մնացած գործերը չեն քննվելու, նոր հայցեր չեն ընդունվելու: Դա չի կարող չազդել նաև օտարերկրյա ներդրումների վրա, վերջինս էլ՝ տնտեսության: Ցավոք, այս ամենը հաշվի չի առնվել իշխանության կողմից կամ գործ ունենք անբարեխիղճ մոտեցման հետ:

Անշուշտ, բոլոր իշխանափոխություններն իրենց հետ բերում են նաև սահամանդրական փոփոխություններ, բայց յուրաքանչյուր իշխանություն պետք է ճաշը եփելիս ուշադիր լինի, որ հետո կարողանա ուտել՝ քաղցած չմնա:

Հեղինակ՝ Գևորգ Գյուլումյան 

Դիտվել է 8663անգամ
Վերջին լուրեր