Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2020 : 19-26

Օգտակար և բուժիչ հալվեն

Հալվեն կամ ալոեն (Aloe) ունի մոտ 500 տարատեսակ: Այն բժշկության մեջ օգտագործել են դեռևս հնագույն ժամանակներից:  Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են եղել Հին աշխարհում` Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան, Եգիպտոս, Խեթեր, Ուրարտու, մեր օրերին` ամենուր։ Հալվեի (ալոէ) բուժիչ հատկությունների մասին գրված է Հին Հնդկական Սուրբ գրքում, Էբեր եգիպտական մագաղաթում, Աստվածաշնչում։

Հայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Արմավիրի մարզում։ Հայերենում անվանվում է նաև սապռ, իսկ գիտական գրականության մեջ ջերմային մշակման ենթարկված հալվեի տերևի հյութն անվանում են «Սաբուր»։

Սենյակային պայմաններում աճեցվում է Հալվե ծառանմանը, որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։

Շատ պրոֆեսիոնալ կոսմետոլոգներ և այլ հմուտ փորձագետներ բժշկության ոլորտում այն համարում են կենսական բուժիչ բույս, որը բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ:

Այրվածքներ

Այն օգտագործվում է որոշ այրվածքներ բուժելու նպատակով: 2009թ.-ին կատարած ուսումնասիրությունը, որին մասնակցում էր երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած 30 հիվանդ, ցույց տվեց, որ հալվեի քսուքի կիրառմամբ այրվածքները բուժվում են 16 օրվա ընթացքում:

Խոլեստերինի բարձր մակարդակ և հիպերլիպիդեմիա

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ օրական 15-20 մլ. հալվեի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեստերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:

Հերպես

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հալվեի գելն արագացնում է թարախաբշտիկների խոցերի լավացումն ու օգնում է թեթևացնել ցավը:

Բշտիկներ

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հալվեն օգնում է բուժել բշտիկները և վերականգնում է մաշկի ցաներն իր անտիբիոտիկ հատկությունների շնորհիվ, ինչպես նաև փափկեցնում  ու խոնավեցնում է մաշկը:

Չոր մազեր

Բույսն իր խոնավեցնող հատկություններով հիանալի միջոց է մազերի համար: Գելը պետք է քսել մազերին, այնուհետև մազերը լվանալ և քսել նախընտրած կոնդիցիոները:

Նիհարեցում

Հալվեն ճանաչվել է որպես առողջարար ըմպելիք: Այն պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, C, E, ֆոլաթթու В1, В2, В3, В6 և մեկն է այն մի քանի բույսերից, որոնք պարունակում են В12 վիտամինը, որը կարգավորում է ուղեղի սահուն աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն օգնում է մարսողությանը և ներսից մաքրում  օրգանիզմը:  

Այն նպաստում է նաև անգինայի, մրսածության և մի շարք այլ հիվանդությունների բուժմանը, որոնց մասին ստորև ներկայացնում ենք մի քանի դեղատոմսեր:

Անգինա

Խառնեք մեկական ճ/գ չոր մանրացրած երիցուկի ծաղիկը, ծիծեռնախոտի վերգետնյա մասը, հալվեի թարմ տերևը։ Ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողումներ, շարունակեք մինչև առողջանալը (7-10 օր)։
Խառնեք մեկական ճ/գ կատվալեզու, եղեսպակի տերև, 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Ավելացրեք 2 ճ/գ հալվեի հյութ, 1 կիտրոնի փոշիացրած կեղև։ Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց հետո, գոլ վիճակում` 1 թ/գ մեղրի հետ։


Մրսածություն

Խառնեք մեկական թ/գ երիցուկի և թանթրվենի սևի ծաղիկները, հալվեի տերևը։ 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ` տաք վիճակում։

Հայմորիտ

Զտեք հալվեի հյութը քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 2-ական կաթիլ` օրը 3-4 անգամ։
Ստոմատիտ

Խառնեք լորենու և երիցուկի ծաղիկները (3։2)։ 3 ճ/գ հումքին ավելացրեք 1 ճ/գ հալվեի տերև։ 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողում գոլ ջրով։

Տոնզիլիտ, ֆարինգիտ

1 թ/գ հալվեի հյութը լուծեք 200 մլ տաք, նախօրոք եռացրած ջրում։ Օրը 4-5 անգամ կատարեք ողողումներ։
Բրոնխների ասթմա. Աղացեք 4 կիտրոն (կեղևով)։ Փոշիացրեք տնական 2 հավի ձվի կճեպ։ Ավելացրեք 500 մլ «Կագոր» գինի, 150 գ մեղր, 100 մլ հալվեի հյութ։ Խառնուրդը 7 օր թրմեք սառնարանում։

Խմեք 1 ճ/գ` մինչև նախաճաշը։ Շարունակեք 3-6 ամիս։

Խառնեք հավասար քանակությամբ հազարատերևուկի խոտը, պատրինջի տերևը, կատվախոտի արմատը։ Հումքի 1ճ/գ-ն 2-3 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100 մլ, օրը 1 անգամ` փոքր կումերով։
Խառնեք հալվեի տերևը, մատիտեղ թռչնի խոտը, խնկածաղկի և երիցուկի ծաղիկները (8։4։4։3)։ Չորս ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։
 

Հյութը չի կարելի օգտագործել լեղապարկի, լյարդի, երիկամների, սրտի ծանր հիվանդությունների, ցիստիտի, թութքի սուր ընթացքի, ինչպես նաև ներքին արյունահոսությունների դեպքում։

Եղե՛ք առողջ:

 

Author's cover photo
Ամսաթիվ 12 / Ապրիլ / 2020 : 19-26
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 18381անգամ
Վերջին լուրեր