12 / Ապրիլ / 2020 : 20-58

«Ես առաջին գործս համարում եմ լավ հայ ու հայր լինելը».

Մայք Սարյան

«Մենք պետք է այնպես ապրենք, որ սփյուռքում էլ գալիք սերունդները իմանան մեր լեզուն, մեր պատմությունը, պահպանեն մեր կրոնը»,- այս
մտահոգությամբ է կիսվում մեր զրուցակից Մայք Սարյանը, ով, ծնվելով Լիբանանում, այնուհետև տեղափոխվելով և շուրջ 41 տարի ապրելով ԱՄՆ-ում, իր կարևորագույն և առաջնային խնդիրն է համարում արժանապատիվ հայ լինելը:
«Մեր ընտանիքը սկիզբ է առնում Ադանայից: Մեծ հայրս ծնվել է Ադանայում, ցեղասպանության տարիներին 4 տարի ապրել են Դեր Զորում, հետո նորից հետ վերադարձել Ադանա, որտեղ 1921 թվականին ծնվել է հայրս: Իսկ Լիբանանում, որտեղ հորս ընտանիքը տեղափոխվել է 1922 թվականին, և որտեղ ծնվել եմ ես, մենք ապրեցինք մինչև 1976 թվականը, որից հետո արդեն ընտանիքով՝ հայրս, մայրս, եղբայրս և երկու քույրերս, հաստատվեցինք Ամերիկայում»,- պատմում է Մայք Սարյանը:
Խոսելով ընտանիքի մասին՝ Մայք Սարյանն անդրադառնում է հոր կերպարին և այն արժեքներին, որոնք ժառանգել է հայրիկից:
«Հայրս շատ պարզ ու համեստ մարդ էր: Իր համար կարևոր արժեքներ կային, որոնցով էլ առաջնորդվում էր»:

«Ամեն մարդ ուզում է հաջողության հասնել, բայց հայրս կարևորում էր իր զավակների հաջողոթյունը և ամեն բան անում դրա համար, ես էլ իր պես այսօր շատ եմ ուզում, որ աղջիկս ավելի լավը լինի քան՝ ես, եկող սերունդն ավելի լավը լինի քան՝ մենք»,- նշում է պրն. Սարյանն ու շեշտում:

«Ես առաջին գործս համարում եմ լավ հայ ու հայր լինելը, որ աղջիկս էլ լավ հայ մեծանա, հայերեն խոսի, հայոց պատմությունն իմանա: Հիմա նա հայկական դպրոց է գնում, և ինձ համար այդ փաստը շատ կարևոր է»:
Խոսելով իր համար կարևոր այս հարցերի շուրջ՝ Մայք Սարյանը ցավով նկատում է, որ սփյուռքում շատ ավելի դժվար է հայ մնալը:
«Ուզում եմ գաղութում հայ մնանք, հայ քրիտոնյա, մենք հայ եկել ենք, հայ պիտի գնանք և շատ եմ ուզում, որ չլինի տարանաջատում՝ սփյուռքահայի և
Հայաստանում ապրող հայի միջև, մենք բոլորս ենք հայ, բոլորս պիտի միասնական լինենք: Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է», - նշում է պրն. Սարյանը:
Բարերարը նաև նշում է, որ իր համար մեծ ուրախություն է, երբ հայը արտասահմանում լինում է պատվավոր քաղաքացի և դրանով բարձր պահում հայի անունը:

«Ցանկացած հաջողության հասնելիս ես ուրախացել եմ, որ հայրենիքից դուրս կարողանում եմ բարձր պահել հայի պատիվը, և սա անձնավորված չէ. ես նույնչափ ու ավելի ուրախանում եմ, երբ տեսնում եմ ինչ-որ հայ հաջողության է հասնում այս կամ այն ոլորտում»,-նշում է մեր զրուցակիցը՝ նկատելով այն հանգամանքները, որոնք օգնում են դրան հասնել:
Առաջինը պրն. Սարյանի համար անկեղծությունն է և չստելը:

Ըստ նրա՝ այս երկու հատկանիշները կարևոր են նախ անձի համար, և հետո նաև գործնականում, երբ անհրաժեշտություն է լինում ընտրելու օգնականներ կամ աշխատակիցներ: Երկրորդ կարևոր հանգամանքը մեր զրուցակիցը համարում է աշխատասիրությունն ու տքնաջան աշխատանքը: Այսօր էլ պրն. Սարյանը շարունակում է աշխատել և մեկնել աշխատանքային շրջագությունների:

«Արդեն 35 տարի է` ես աշխատում եմ առողջապահական ոլորտում, և չի եղել մի օր, որ ես չաշխատեմ: Ամեն օր առավոտյան իննին գնում եմ աշխատավայր և մինչև երեկոյան ութը այնտեղ եմ լինում, ինչպես նաև շրջագայում եմ և հետևում մյուս քաղաքների հիվանդանոցների աշխատանքին: Իհարկե, այս ամենն ամբողջացվում է մարդու հաջողակ լինելով»,- շեշտում է պրն. Սարյանը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 12 / Ապրիլ / 2020 : 20-58
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 18447անգամ
Վերջին լուրեր