24 / Նոյեմբեր / 2020 : 10-23

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները Բայդենի հետ սերտ համագործակցության հույս են հայտնել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել Ջո Բայդենի հետ։

Շառլ Միշելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Բայդենին հրավիրել է ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման։ Նա կոչ է արել Սպիտակ տան նոր հավանական ղեկավարին վերականգնել ԵՄ-ԱՄՆ ամուր միությունը։

«Եկել է ժամանակը միավորելու ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում, կլիմային, անվտանգությանը և մուլտիլատերալիզմին առնչվող հարցերով»,-ասել է Միշելը։

Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ շնորհավորել է Բայդենին հաղթանակի կապակցությամբ։

«Սա ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գլոբալ գործընկերության նոր սկիզբ է։ Ուժեղ ԵՄ-ն և ուժեղ ԱՄՆ-ը, միասին աշխատելով, կարող են ձևավորել գլոբալ օրակարգ՝ հիմնված համագործակցության, բազմակողմանիության, համերաշխության և ընդհանուր արժեքների վրա»,-գրել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բայդենի հետ զրույցում սերտ համագործակցության հույս է հայտնել՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։ Նրանք քննարկել են անդրաատլանտյան դաշինքի կարևորությունը որպես հավաքական անվտանգության անկյունաքար։

Դիտվել է 5202անգամ
Վերջին լուրեր