Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդական Ֆլինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին,- փոխանցում է ria.ru-ն։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ գեներալ Մայքլ Ֆլինին լիակատար ներում է շնորհվել։ Շնորհավորում եմ գեներալ Ֆլինին և նրա հրաշալի ընտանիքին։ Գիտեմ, որ հիմա իսկապես հոյակապ Գոհաբանության տոն կունենաք», – գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։
Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում՝ ընդամենը 3 շաբաթ։ Նրան մեղադրում էին այն ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հետախոսազրույցների մասին Թրամփին և Հետախուզության դաշնային բյուրոյին սխալ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանել էր Ֆլինի դեմ մեղադրանքները ՀԴԲ-ին սխալ տեղեկություններ տրամադրելու մասին, սակայն դատավորը հրաժարվել էր փակել գործը։
Ֆլինի գործը «ռուսական հետաքննության» շրջանակներում ամենաաղմկալի գործերից մեկն էր։ Հետաքննությամբ զբաղվում էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով հաստատեց, թե Մոսկվան միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, սակայն չհաստատեց այն մեղադրանքները, թե Թրամփը դավադիր համաձայնություն է ունեցել Մոսկվայի հետ։
Ռուսաստանը հերքում է իր միջամտությունը ԱՄՆ ընտրություններին։