19 / Փետրվար / 2020 : 11-30

Ինչպե՞ս են Թեղենիք գյուղում պատրաստվում «Բարեկենդանի» տոնին

 

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:

Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին:

Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ:

Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում:

Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական:

Պարում էին ինչպես զուռնա - դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:

Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հայասա Տուր»-ը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը։

Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Դիտվել է 31641անգամ
Վերջին լուրեր