Թեհրանը հրապարակել է միջուկային ֆիզիկոսի սպանության կասկածյալների լուսանկարները (լուսանկար)
Լոնդոնաբնակ իրանցի լրագրող Մոհամեդ Ահվազեն նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ Իրանի իշխանությունները հրապարակել են երկրի միջուկային ծրագրի գլխավոր գիտնական Մոհսեդ Ֆահրիզադեի սպանության մեջ կասկածվող անձանցից 4-ի նկարները: Երկուշաբթի առավոտյան լրագրողի թվիթը հայտնվել էր իսրայելական ԶԼՄ-ներում` դառնալով երկրի առաջատար երկու հեռուստաալիքների գլխավոր լուրը: Այս մասին գրում է The times of Israel պարբերականը:
Ըստ հաղորդագրության` իրանական հետախուզության գործակալները տարածում էին տղամարդկանց լուսանկարները երկրի բոլոր հյուրանոցներում և հյուրանոցների տերերին խնդրում անհապաղ տեղեկացնել իրենց, եթե տեսել են նկարներում պատկերված մարդկանց:
Ահվազեն նաև հաղորդել է, որ իրանական ուժերն ուժեղացրել են ներկայությունն ու պարեկությունը Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանի`կանխատեսելով, որ կասկածյալները կօգտագործեն այդ ուղին երկրից փախչելու համար:
Հայտարարություններն արվել են միաժամանակ, երբ Fars կիսապաշտոնական լրատվական կայքը մեջբերել է երկրի հետախուզության նախարարությանը, որն էլ, իր հերթին, նշել էր, որ տեղեկություններ ունի Ֆահրիզադեին սպանած անձանց ինքնության մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։