01 / Դեկտեմբեր / 2020 : 13-05

«... սա իմ սրտիս բանալին է, իմ սիրտը քեզ է նվիրված, ի՛մ անգին Լուսիկս». Մարտիրոս Սարյան 

Բարև, իմ թանկագին Լուսի՜կս,

Այսօր 14 ամիս է, ուղիղ երեք ամիս սրանից առաջ մենք իրար պատահեցինք «Չաշկա»-յում: Ես եկա և տեսա քեզ ու շարունակ նայում էի ինձ հարց տալով, սա ո՞վ է, այնքան ինձ մոտ է, կարծես թե միշտ միասին էինք եղած, այնպես էր ինձ թվում, թե ես գտա այն, ինչ որ փնտրում էի, որը իմ մեջ էր ապրում միշտ: «Նվիրեցիք ինձ այս մատիտը իբրև հիշատակ, գրեցեք ձեր անունը՝ Լուսիկ, 1915 14/10»: Ինչքան պարզ էր ինձ համար և քեզ համար: Երբ որ վերջերը մենք պատահում էինք, ես չէի կարողանում շատ խոսել և որպեսզի հիշեցնեմ քեզ միշտ, որ իմ վերաբերմունքը դեպի քեզ հասարակ չէ, հանում էի իմ մատիտը՝ այսինքն քո, քո ներկայությամբ և երկար նայում էի, ուզենալով ասել, որ զգում ես դու, որ սա իմ սրտիս բանալին է, իմ սիրտը քեզ է նվիրված, ի՛մ անգին Լուսիկս:
Միևնույն բանը գրված է և մատանիների մեջ «Լուսիկ 1915 14/10», միևնույնն է քեզ մոտ՝ «Մարտիրոս 1915 14/10»:
Երեք օր դարձյալ լուր չկա քեզանից, այսօր կլինի անպատճառ, փոստը շատ է ուշացնում նամակները: Վնաս չունի, շուտով կլինենք միասին, ի՛մ կյանքի աղբյուրը, իմ վա՛րդը, իմ սոխա՛կը, իմ արշալու՛յսը և վերջալու՛յսը, իմ սարերի թագուհին, իմ Լուսի՛կը:
Համբուրում եմ անվերջ, անվերջ, անվերջ…
Քո՝ Մարտիրոս»

1916, հունվար 14, Մոսկվա

Լուսիկ Աղայանին (Ղազարոս Աղայանի դուստր)

Սիրային նամակ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Author's cover photo
Ամսաթիվ 01 / Դեկտեմբեր / 2020 : 13-05
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 30579անգամ
Վերջին լուրեր