ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ հոդվածի հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողները այլ եկամուտների մասով պետք է հարկվեին 20 տոկոս դրույքաչափով:
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հյուրանոցային ծառայություններն են՝ տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ վճարովի ծառայությունները: Նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանած սահմանումներով՝ հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ:
Այսինքն, հյուրանոցները, միայն այն բանի համար, որպեսզի օրենքով կոչվեն «հյուրանոց» պարտավոր են հյուրերին ապահովել սնունդով իրենց գործունեության ապահովման համար նախատեսված հանրային սննդի օբյեկտում:
Օրենքի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ բոլոր հյուրանոցները, որոնք աշխատում են շրջանառության հարկով, հանրային սննդի մասով պետք է վճարեին 4 տոկոս, իսկ հյուրանոցային ծառայությունների մասով ՝ 20 տոկոս հարկ, կամ որպեսզի խուսափեին այս իրողությունից ստիպված պետք է գործունեությունը տրոհեին, այսինքն գործունեություն իրականացնեին, որպես երկու առանձին տնտեսվարող սուբյեկտ, քանի որ առանձին աշխատելու դեպքում հանրային սննդի գործունեությունը հարկվում է 4 տոկոս դրույքաչափով, իսկ հյուրանոցային ծառայությունների մատուցումը՝ 5 տոկոս:
2020թ. հունվարի մեկից վերը նշված հոդվածում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ամեն ինչ կարգավորվել է, այսինքն հյուրանոցները հարկվում են հանրային սննդի մասով 4 տոկոս, իսկ հյուրանոցային ծառայությունների մասով 5 տոկոս դրույքաչափով՝ առանց գործունեությունը արհեստականորեն երկու մասի տրոհելու:
Նման կարգավորում եղել է նաև մինչև 2018թ. հուլիսի մեկը: Բայց 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2020թ. հունվարի 1-ը գործող կարգավորման արդյունքում ՊԵԿ-ը այն տնտեսվարողների հանդեպ, ովքեր ֆորմալ առումով չեն տրոհել իրենց բիզնեսը՝ համոզված լինելով, որ ոչ մի հարկ չեն թաքցնում (և իրականում չեն էլ թաքցրել) հաշվարկում է տասնյակ միլիոնների հասնող լրացուցիչ և անհիմն հարկային պարտավորություններ և փաստացի տնտեսվարողներին տանում են սննկացման և լուրջ վնաս հասցնում կառավարության գերակա ուղղություններից մեկը հանդիսացող զբոսաշրջության ոլորտին:
Նյութի աղբյուրը` Yelaket.am