12 / Դեկտեմբեր / 2020 : 13-47

Իրանում մահապատժի են ենթարկել «Amad News» պորտալի ղեկավարին

 Իրանում մահապատժի է ենթարկվել «Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը: «Mehr News»-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:

Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով:

Այս շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները մահապատժի վճիռ են հաստատել «Amad News» լրատվական պորտալի ղեկավարի համար, ով օժանդակություն է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից:

2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերի - 2018-ի հունվարի բողոքի ցույցերն Իրանի ամբողջ տարածքում:

Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար:

 Հաղորդվում էր, թե նրա գործողություններն ուղղորդվել են ֆրանսիական հետախուզության կողմից, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից:

Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության, Զամը վտարանդիի կարգավիճակում ապրում էր Փարիզում, չի նշվում, թե ինչպես և որտեղից են նրան բերման ենթարկել:

Դիտվել է 17713անգամ
Վերջին լուրեր