«Աշխատանքը, գործունեությունը ոչ մի կերպ միտված չէ պարգևներ ստանալուն, այդ ակնկալիքով չես աշխատում»․ Բաբկեն Չոբանյան
yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասան Բաբկեն Չոբանյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը դերից հրաժարվելու, սիրո, խանդի, թատրոնի և կինոյի մասին:
-Կինո, թե թատրոն. ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Երկուսն էլ հոգեհարազատ են, բայց առանց թատրոնի երկար ժամանակ կինոյում անելիք չես ունենա:
-Ի՞նչն է գերում մարդկանց, որպեսզի թատրոն հաճախեն:
-Տարբեր բաների համար են մարդիկ գալիս թատրոն: Շատերը՝ իրենք իրենց տեսնելու, շատերը՝ ժամանակ անցկացնելու, մյուսները՝ հետաքրքիր պատմություն տեսնելու, իրենց սիրած դերասանների, սիրած գործերի համար, շատերն ուղղակի մտածելու և լավ երեկո անցկացնելու համար:
-Դասական գործերը մեր ժամանակաշրջան տեղափոխելը ինչպե՞ս եք որակում:
-Ցանկացած գործ, եթե լավ և որակով է արվում, ուրեմն ինչու՞ չթողնել: Նույնը վերաբերում է նաև դասական գործերին։ Եվ շատ զգույշ է պետք անել:
-Կա՞ ստեղծագործություն, որն ընթերցելով վերագտել եք ինքներդ Ձեզ:
-Ինձ թվում է՝ ցանկացած ընթերցող որևէ բան կարդալիս ինքն իրեն ակամա փնտրում է ու մեծ մասամբ գտնում:
-Պարտավորեցնող են արդյոք տարատեսակ կոչումները, պարգևներն ու մրցանակները:
-Ոչ իհարկե, չի կարող պարտավորեցնել, որովհետև աշխատանքը, գործունեությունը ոչ մի կերպ միտված չէ պարգևներ ստանալուն, այդ ակնկալիքով չես աշխատում, դրանք կարևոր հանգրվաններ չեն:
-Ո՞ր դեպքում դերից կհրաժարվեիք:
-Աշխատում եմ չհրաժարվել, բայց մեծ մասամբ հրաժարվում եմ, երբ հետաքրքիր չէ:
-Իսկական սիրո կողքին խանդն անելիք ունի՞:
-Կարծում եմ չէ, անելիք չպետք է ունենա, բայց մարդիկ տարբեր են, էնպես որ խանդն էլ գոյության իրավունք ունի:
-Ի՞նչն է սերը պահպանելու լավագույն միջոցը:
-Սերը անընդհատ աշխատանք է առանցակնկալիքի, առանց հաշվարկի,պետք է սիրել,անընդհատ սիրել. դա զգացողություն է, որը պահպանելու համար ջանքեր են պետք, աշխատանք է պետք:
-Ինչպիսի՞ վերնագիր կունենա Ձեր մասին պատմող ֆիլմը:
-Չէ, թող իմ մասին ֆիլմ չնկարեն, շատ ավելի շատ արժանավոր մարդիկ կան: