14 / Ապրիլ / 2020 : 12-02

«Աշխատանքը, գործունեությունը ոչ մի կերպ  միտված  չէ  պարգևներ ստանալուն, այդ ակնկալիքով  չես  աշխատում»․ Բաբկեն Չոբանյան

yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասան Բաբկեն Չոբանյանը, որը  մեզ  հետ կիսեց իր խոհերը  դերից հրաժարվելու,  սիրո,  խանդի, թատրոնի  և  կինոյի մասին:

 

-Կինո, թե թատրոն. ո՞րն  է  Ձեզ  ավելի  հոգեհարազատ:

-Երկուսն  էլ  հոգեհարազատ են, բայց առանց  թատրոնի  երկար  ժամանակ  կինոյում անելիք չես ունենա:

-Ի՞նչն է  գերում մարդկանց, որպեսզի թատրոն հաճախեն:

-Տարբեր բաների համար են մարդիկ գալիս  թատրոն: Շատերը՝ իրենք իրենց  տեսնելու, շատերը՝ ժամանակ անցկացնելու, մյուսները՝ հետաքրքիր պատմություն տեսնելու, իրենց սիրած դերասանների, սիրած գործերի համար, շատերն ուղղակի մտածելու և լավ երեկո անցկացնելու համար:

-Դասական  գործերը մեր ժամանակաշրջան տեղափոխելը ինչպե՞ս եք որակում:

-Ցանկացած գործ, եթե լավ և որակով է արվում, ուրեմն ինչու՞ չթողնել: Նույնը վերաբերում է նաև դասական  գործերին։ Եվ շատ զգույշ է պետք անել:

-Կա՞  ստեղծագործություն, որն ընթերցելով վերագտել  եք  ինքներդ Ձեզ:

-Ինձ թվում է՝ ցանկացած ընթերցող որևէ բան կարդալիս ինքն իրեն ակամա փնտրում է ու մեծ մասամբ գտնում:

-Պարտավորեցնող են արդյոք տարատեսակ  կոչումները, պարգևներն ու մրցանակները:

-Ոչ իհարկե, չի կարող պարտավորեցնել, որովհետև  աշխատանքը, գործունեությունը ոչ մի կերպ միտված չէ  պարգևներ ստանալուն, այդ ակնկալիքով չես  աշխատում, դրանք կարևոր հանգրվաններ չեն:

-Ո՞ր դեպքում դերից կհրաժարվեիք:

-Աշխատում եմ չհրաժարվել, բայց մեծ մասամբ հրաժարվում եմ, երբ հետաքրքիր չէ:

-Իսկական սիրո կողքին խանդն անելիք ունի՞:

-Կարծում եմ չէ, անելիք չպետք է ունենա, բայց մարդիկ տարբեր են, էնպես որ խանդն էլ գոյության իրավունք ունի:

-Ի՞նչն է սերը պահպանելու լավագույն միջոցը:

-Սերը անընդհատ աշխատանք է առանցակնկալիքի, առանց հաշվարկի,պետք է սիրել,անընդհատ սիրել. դա զգացողություն  է, որը  պահպանելու համար  ջանքեր  են  պետք, աշխատանք  է  պետք:

-Ինչպիսի՞ վերնագիր կունենա  Ձեր մասին պատմող  ֆիլմը:

-Չէ, թող իմ մասին ֆիլմ չնկարեն, շատ ավելի շատ  արժանավոր մարդիկ կան:

 

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը

yelaket.am

Դիտվել է 10580անգամ
Վերջին լուրեր