Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար
Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից:
Ավելի վաղ Հովհաննիսյանը համացանցում տեղեկացրել էր, որ Կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայի դահլիճում կայացել է Բեթհովենի 250-ամյակին նվիրված երեկո ընդհամենը մի քանի ամիս ստուդիայի աշխատանքների պատասխանատվությունը ստանձնած Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ:
«250 տարվա հեռավորությունից Բեթհովենի երաժշտության ու կյանքի մասին խորհելու, այդ արժեքներին այսօրվա դիտակետից նայելու առիթն ու վերապրումն ունեցանք: Բոլորս հուզված էինք հատկապես յուրաքանչյուր տողի և դետալի նկատմամբ հատուկ վերաբերմունքից, անմոռանալի միջավայրից: Սիրելի՛ դասախոսներ, կոնցերտմայստերներ, ուսանողներ, ստուդիայի բոլոր աշխատակիցներ, սիրելի Հասմիկ Պապյան, Հայկ Վարդանյան, այս դժվարին օրերին դուք ձեր գործով խոսեցիք այն մասին, որ ամենածանր ժամանակներում էլ հնարավոր է աշխատել, լսել և հարգել իրար»,-ընդգծել էր Հովհաննիսյանը: