29 / Դեկտեմբեր / 2020 : 14-54

44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակից, կստանան պարենային աջակցություն՝ ընտանիքի երկու ամսվա կարիքների համար․ մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից․ հայտնում ենք, որ այս շաբաթվանից պարենային աջակցության բաշխումը մեկնարկել է։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար և  ուղղված է Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։

Սննդի բաշխումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները․ առանձնացվել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում:

Շահառուների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՊՀԾ-ի կողմից 2020թ․ հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում։

Առաջնահերթությունը տրվել է ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15% -ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սննդի կարիքներն ավելի են սրվել․ ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել:

Սննդի բաշխման վերաբերյալ հետադարձ կապի, հարցումների կամ բողոքների դեպքում՝ զանգահարել ՊՀԾ թեժ գիծ՝  096 120 400 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Առավել մանրամասն՝ https://bit.ly/3mWVFfw

Դիտվել է 17482անգամ
Վերջին լուրեր