Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունվար / 2021 : 21-41

«Թող այս գիշեր էլ ոչ մի մայր չհառաչի իր զավակի բաժանումից, ոչ մեկ զավակ չորբանա... »։

«ԹՈՂ ԱՅՍ ԳԻՇԵՐ» 

Թող այս գիշեր Բեթղեհեմի Աստղի լույսից
Ծնվեն բազում նոր տեսիլներ՝ երազանքներ,
Թող նորոգվեն ու նորանան
Հուսալքված բազում սրտեր ու հոգիներ,
Թող, որ Լո՛ւյսը դառնա ճամփա,
Հույսը՝ ընկեր ու բարեկամ,
Կամքը՝ կամար,
Սիրտը՝ հրե մի թոնրատուն,
Անվերջ թխվող Սիրո համար:

Թող այս գիշեր խինդը Մանկան ճայթի ամբողջ տիեզերքում,
Հրավիրող աստվածային մի հրաշքով,
Թող տուն դառնան պանդուխտները,
Սրտավորվեն՝ բեկվածները,
Նորալցվեն՝ հոգնածները,
Ապաքինվեն՝ խոցվածները,
Հուսավորվեն՝ լքվածները,
Վերընձյուղվեն՝ զատվածները,
Նորագործվեն՝ անհուսությամբ հուսակարոտ հոգիները,
Եվ վերջապես,
Սիրառատվեն՝ սիրուց պարպված
և կամ նաև երբեք, երբեք Սեր չտեսած՝ չճաշակած,
Ժայռաբեկոր ու խղճալի մեղկ սրտերը դառնան մսուր մանկան համար,
Ու մանկանան Մանկան նման:

 

Թող այս գիշեր էլ ոչ մի մայր չհառաչի իր զավակի բաժանումից,
Ոչ մեկ զավակ չորբանա,
Եվ վերստին ծնունդ առնեն արշալույսներն հորիզոնի,
Թող երկիրը երկինք դառնա,
Հունավորը՝ անհունավոր:

Թող այս գիշեր խնդա ամբողջ տիեզերքը որպես հզոր մի հոգեշարժ,
Եվ թող լցվի մե՛ր եզերքը՝ անդավաճան խոստումներով,
Եվ մենք՝ որպես արձագանքը
Տիեզերքի հավերժացնող, համազանգի թրթիռներից կաթող սիրո,
Թող այս գիշեր, մե՛նք իսկ դառնանք հրեշտակներ ու հովիվներ,
Թող Ծնունդ տանք Մարիամի պես
Եվ հիանանք նրա հանգույն,
Թող Հովսեփի նման մե՛նք էլ
Խայտանք խոհուն, լուռ բերկրանքով,
Անհոգնաբեկ մոգերի հետ քայլենք անվերջ,
Դեպ լուսաւոր հանգրվանը խաղաղության և հավերժի,
Եվ թող հավետ օրհնյալ լինի հայտնությունը ի՛մ Հիսուսի:

«ԹՈՂ ԱՅՍ ԳԻՇԵՐ» 

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ (Տավուշի թեմ) 

 

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Հունվար / 2021 : 21-41
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 40022անգամ
Վերջին լուրեր