Հանձնաժողովականները դիմակներո՞վ են հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը նախատեսված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը չի կայացել. արտահոսքեր լինելու պատճառով որոշել են այլևս չհավաքվել, որ մանրամասները մամուլում չհայտնվեն, խիստ կոնսպիրատիվ` յուրայիններով «մշակել» հարցերը:
Նույն օրը «Իմ քայլի» հանձնաժողովականները քննարկում են արել՝ առանց ընդդիմադիրների։ «Ուտեչկայի» պատճառո՞վ տեղի չունեցավ նիստը՝ հարցրինք հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանին։ «Ոչ, արտահերթի պատճառով՝ ոտքի վրա որոշակի քննարկում եղել է, մինչև ամսի 16-ը հնարավոր է նման աշխատանքային թեթև մի քննարկում էլ լինի»:
Դիմակներո՞վ եք մասնակցելու 16-ի նիստին։ «Ես ԱԺ նիստերին էլ եմ մասկայով մասնակցում, հուսով եմ` բոլոր կանոնների պահպանմամբ կանցկացվի նիստը՝ սենյակը մեծ է, սոցիալական հեռավորության խնդիր լինել չի կարող»:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք նիստից։ «Ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք առաջացել են մնացած հրավիրյալներին լսելուց հետո»:
Ի՞նչ է «հուզում» կոնկրետ Ձեզ։ «Ունեմ մի քանի հարցի պատասխանի ակնկալիք, որոնք բարձրաձայնելու հարկը չեմ տեսնում այս պահին»: Ապրիլյանը ձեզ համար հաղթակա՞ն պատերազմ էր, թե՞ պարտություն։ «Միանշանակ` հաղթական էր, դա մեր հերթական հերոսամարտն էր»: Այդ դեպքում քննիչ հանձնաժողովն ապրիլյանի օրերի գերագույն գլխավոր հրամանատարին ինչո՞ւ է «քննում»։
«Ցանկացած պրոցես չի կարող զերծ լինել թերություններից, կարևոր է ամեն մի մարտահրավեր ուսումնասիրել` բացահայտել թերացումները, որպեսզի դրանք երբևէ չկրկնվեն, բոլոր օղակները ներդաշնակ աշխատեն»: Հանձնաժողովը պահանջել էր` չգալու դեպքում հիմնավորել, ունի՞ նման լիազորություն հանձնաժողովը։ «Դա նամակի հիմնական կետերից չէր, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անցած ուղին, նրա զբաղեցրած պաշտոնները, կարծում եմ՝ չգալու որևէ պատճառ չպետք լիներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում