12 / Հունվար / 2021 : 11-42

Թրամփը Բայդենի երդմնակալությունից օրեր առաջ Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, որպեսզի ապահովի հունվարի 20-ին կայանալիք դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունը, Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով գրում է Politico-ն։

Ավելի վաղ ԱՄՆ մայրաքաղաքի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել սեփական նախաձեռնությամբ և դիմել էին Թրամփին՝ խնդրելով նույն կերպ վարվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անվտանգության ապահովման համար դաշնային օգնություն ստանալ:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Թրամփը Կոլումբիայի շրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և կարգադրել է նախագահի 59-րդ երդմնակալության արարողության անվտանգության ապահովման համար դաշնային օգնություն ուղարկել»։

Ինչպես պարզաբանել են Թրամփի վարչակազմում, պետության ղեկավարի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը թույլ կտա «համակարգել հնարավոր աղետին հակազդելու բոլոր ջանքերը»։

Ավելի վաղ ABC News հեռուստաալիքի լրագրող Աարոն Քաթերսկին, վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներքին փաստաթուղթը, հայտնել էր, որ այս շաբաթվանից ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և Կապիտոլիումի մոտ զինված բողոքի ակցիաներ են ծրագրվում: ԱՄՆ-ի մայրաքաղաքում, նրա տվյալներով, ակցիաները տեղի պետք է ունենան մինչև հունվարի 20-ը՝ Բայդենի երդմնակալության արարողությունը:

 

Դիտվել է 7774անգամ
Վերջին լուրեր