Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունվար / 2021 : 13-47

Հայկական ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել հայկական կողմի համար

Հայկական ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի պայմաններն անընդունելի են եղել հայկական կողմի համար, այդ պատճառով էր որոշում կայացվել հրաժարվել վարկի մի մասի օգտագործումից։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածնբերի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և նախատեսում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին։

«Ռուսական վարկի մնացորդը դրամաշնորհի հետ միասին կազմել է մոտ 110 մլն դոլար, որից՝ վարկի մասով 100 մլն դոլար։ Ռուսական վարկի օգտագործման ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ ես չեմ որակի, որ մենք հրաժարվել ենք։ Ուղղակի մենք վերջնական չենք դիմել վարկի ժամկետի երկարացման համար, որովհետև վարկի օգտագործման պայմանների հետ խնդիրներ կային։ Այսինքն՝ այն պայմաններով, որով վարկն օգտագործվում էր, մեր գնահատմամբ՝ հնարավոր չէր արդյունավետ ավարտել ծրագիրը։ Իսկ վարկային պայմանների փոփոխություն, ըստ ռուսական կողմի, հնարավոր չէր, որովհետև նման վարկերն այլ երկրներին ևս տրված էին այդ պայմաններով, օրինակ՝ Բելառուսի Հանրապետությանը։ Եվ փոփոխությունը ենթադրում էր, որ մյուս երկրները ևս կուզենային փոփոխություն»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմի համար խնդրահարույց էր նաև վարկի օգտագործման այն պայմանը, որ պետք է վարկի 80 տոկոսը և ավելին օգտագործվեր ռուսական արտադրանքի կամ ռուսական ընկերությունների կողմից։ «Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ մենք մեր երկրի ներսում ստեղծված սեփական միջոցների, այլ վարկային  միջոցների հաշվին կշարունակենք գործունեությունը։ Ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական բան կար, տնտեսական էր»,- ասաց Հակոբ Վարդանյանը։

Ռուսական վարկի օգտագործված մասի մարումներն սկսվել են 2020 թվականի հունվարից, ինչպես նախատեսված էր ծրագրով։ Փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը դիմել էր, որպեսզի մարումները հետաձգվեին մինչև ծրագրի ավարտը, սակայն այդ պարագայում ևս ընդհանուր հայտարարի չեն եկել ՌԴ հետ։ «Այդ դեպքում իրենք ևս նշում էին, որ վարկային համաձայնագրի փոփոխություն կնշանակի մյուս երկրների համար ևս փոփոխություն, ինչին իրենք չեն կարող գնալ»,- հավելեց նա։

Դիտվել է 17238անգամ
Վերջին լուրեր