Էրդողանը կոչ է արել Brexit-ից հետո Թուրքիային ընդունել Եվրամիության կազմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը հորդորել է Brexit-ից հետո իր երկրին ընդունել Միության կազմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք չենք հրաժարվել ԵՄ-ին լիարժեք անդամակցելու մեր ձգտումից: Brexit-ի հետ կապված աճող անորոշությունը կվերացվի միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի Միությանը»,-ասել է Էրդողանը:
Թուրքիան 1963 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին դիմել է Միությանը անդամակցելու համար:
Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով:
Բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ն այժմ բաց են: 2016-ի մարտին Բրյուսելը ակտիվացրել է բանակցությունները Թուրքիայի՝ դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը կրճատելու համաձայնության դիմաց: