18 / Հունվար / 2021 : 19-03

 Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կարսում փետրվարի 1-12–ը նախատեսված թուրք–ադրբեջանական զորավարժություններին։ 

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` ցանկացած զորավարժություն պարունակում է նաև քարոզչական մեսիջներ, սակայն պետք է հասկանալ, որ այն նախևառաջ ուժեղացնում է զորավարժություն անողին. թուրքերն ու ադրբեջանցիներն ըստ այդմ ներդաշնակեցնում են իրենց ստորաբաժանումների համագործակցությունը։ 

«Պարտադիր չի, որ ամեն զորավարժությունից հետո պատերազմ սկսվի, թեև հիշողությունները վերջին թուրք–ադրբեջանական զորավարժություններից դեռ թարմ են, բայցևայնպես այդ ամենը մտահոգիչ է` անկախ այն հանգամանքից, թե ինչի են նախապատրաստվում։ Խնդիրն այն է, որ կա ինչ–որ գործընթաց»,– նշեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարսը մոտ է Հայաստանի հետ սահմանի այն հատվածին, ուր տեղակայված է ռուսական բազան, րթանեսյանն ընդգծեց, որ այդ հանգամանքը կարող է մտահոգիչ լինել նաև ռուսական կողմի համար։

«Եթե անգամ երկրներն անմիջական կոնֆլիկտի մեջ չեն, բայց նրանց սահմանների մոտ տեղի է ունենում ենթակառուցվածքների զարգացում, ապա դա իր հերթին բերում է զինված ուժերի վերախմբավորման և ռազմավարության վերանայման։ Ռուսաստանի համար թուրքական ցանկացած ռազմական ենթակառուցվածքային ակտիվությունն այդ հատվածում բնականաբար պետք է մտահոգիչ լինի»,–նշեց ռազմական փորձագետը։ 

Վրթանեսյանը հիշեցրեց, որ սա զորավարժությունների առաջին դեպքը չէ, նման բան նույն տեղում եղել է, և հարց հնչեցրեց, թե արդյո՞ք ՀՀ գործող իշխանությունը կարող է ինչ-որ կերպ պատասխանել հակառակորդին։ Ըստ նրա` հետպատերազմյան շրջանի վերջին գործողություններից տպավորություն չի առաջացել, որ հայկական կողմն այս պահին ի վիճակի է ինչ-որ բանի պատասխանել։  

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողները, որոնք մասնակցելու են թուրք-ադրբեջանական համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններին, արդեն մեկնել են Կարս:

Ադրբեջանա-թուրքական վերջին համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, անցկացվել էին 2020 թվականի օգոստոսին։ 

Դիտվել է 27450անգամ
Վերջին լուրեր