Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 17-12

Մակրոնը հաստատել է Նոթր Դամը 5 տարում վերականգնելու մտադրությունը
 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախանշված ժամկետը կհաջողվի պահպանել: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այսօր իր ուղերձում, որի տեսագրությունը հրապարակվել է Ելիսեյան պալատի Twitter-յան էջում: Հայտարարությունը նվիրված է տաճարի հրդեհի առաջին տարելիցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես եւ խոստացել եմ, մենք տաճարը կվերականգնենք 5 տարում: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որ այդ ժամկետները պահպանենք, դանդաղումն անթույլատրելի է»,- խոստացել է Ֆրանսիայի նախագահը: Նա միաժամանակ ստիպված էր խոստովանել, որ «համավարակի պատճառով ներկայումս աշխատանքները դադարեցված են»: «Բայց աշխատանքներն անմիջապես կվերսկսվեն, հենց դա հնարավոր լինի»,- խոստացել է Մակրոնը:

Նա կարծիք է հայտնել, որ «չպետք է դանդաղել տաճարի վերականգնման հարցում»: «Մենք հրդեհից հետո զգացմունքայնության ժամանակ ունեցանք, որ խորհրդածենք տեղի ունեցածի շուրջ, իսկ հիմա վերակառուցման ժամանակն է»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը: «Անհրաժեշտ է մոբիլիզացվել եւ լինել ճարտարապետական ձեռքբերումների բարձունքին, որոնցով նշանավորվել է ֆրանսիական պատմությունը»,- հավելել է նա:

Մակրոնը հատուկ նշել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը «ֆրանսիացի ժողովրդի դիմացկունության, ծանր փորձությունները հաջողության հաղթահարելու նրա ունակության եւ ոտքի կանգնելու խորհրդանիշն է»: Մակրոնը ջերմ շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աշխատում են տաճարի վերականգնման վրա: «Նոթր Դամի ծայրաձողը կրկին երկինք կխոյանա»,- հավաստիացրել է Ֆրանսիայի նախագահը:

Ուժեղ հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան: Ավելի ուշ քննությամբ պարզվել էր, որ բռնկումը տեղի է ունեցել տաճարի ծայրաձողի շրջանում անհայտ պատճառով: Դրանից մի քանի ժամ առաջ այնտեղ անցկացվել էին վերականգնողական եւ վերանորոգման աշխատանքներ: Կրակն ամբողջությամբ ոչնչացրել էր փայտե տանիքը եւ ծայրաձողը, որն ընկել էր քարե կամարի վրա եւ այնուհետեւ մինչեւ վերջ այրվել տաճարի հատակին:

Կրակն ամբողջությամբ մարել էր հաջողվել հաջորդ օրը առավոտյան: Հրդեհը տեւել էր 15 ժամից ավելի:

Դիտվել է 5440անգամ
Վերջին լուրեր