21 / Հունվար / 2020 : 16-47

Ինչպես ճիշտ խնամել մաշկը․ պարզաբանում է մասնագետը

 

Մաշկի խնամքը պետք է սկսել մոտ 13-15 տարեկանից, եթե հատուկ խնդիրներ չկան: Դեռահասին պետք է սովորեցնել, թե ինչպես ճիշտ խնամի դեմքը, բացատրել մաշկը մաքրելու եւ խոնավացնելու անհրաժեշտությունը:

Ավելի լավ է կոսմետոլոգի հետ խորհրդակցել, որը կօգնի «ճիշտ» կոսմետիկա ընտրել, ինչն անչափ կարեւոր է: 18 տարեկանում կարելի է անցկացնել առաջին կոսմետոլոգիական միջամտությունները՝ դեմքի մաքրում, թեթեւակի մակերեսային պիլինգներ:

Վերջինի բաղադրության մեջ օգտագործվում են կաթնաթթու, կիտրոնաթթու, գլիկոլաթթու, սացիլիցիլաթթու: Դրանք խորը մաքրման էֆեկտ կունենան, կհարթեցնեն մաշկի ռելիեֆը, կլավացնեն դեմքի գույնը: Կօգնեն հաղթահարել դեմքին բշտիկների ի հայտ գալը, եթե մաշկը դրան հակված է:

Ցերեկային եւ գիշերային կրեմների մասին

Գիշերային կրեմից ցերեկայինի միակ տարբերությունն այն է, որ ցերեկային կրեմը SPF ֆակտոր է պարունակում (ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն), ուստի չի կարելի այն որպես գիշերային օգտագործել:

Բանն այն է, որ կրեմի բաղադրության մեջ մտնող ֆիլտրը մաշկի մակերեւույթին պաշտպանական թաղանթ է ստեղծում, որը խոչընդոտում է գիշերը մաշկի վերականգնողական գործառույթի իրականացմանը:

 

Տնային խնամք

Կարեւոր է իմանալ, թե տան պայմաններում ինչպես ճիշտ խնամել դեմքի մաշկը, քանի որ բժշկի կաբինետում ձեռք բերած արդյունքը  սխալ ընտրված գելն ու մուսը «կլվանան»: Ամբողջ կոսմետիկան պետք է ընտրել՝ հաշվի առնելով ձեր մաշկի առանձնահատկությունները:

Մշտապես խորհուրդ եմ տալիս կոսմետիկական միջոցներ գնելուց առաջ կարդալ բաղադրությունը՝ դրանց մեջ չպետք է սպիրտ պարունակվի, քանի որ սպիրտը մաշկը չորացնում է՝ հարուցելով մաշկի խանգարում: Դեմքն անպայման պետք է ջրով լվանալ եւ մաքրելու միջոց (փրփուր, մուս, գել) օգտագործել մաշկի տեսակից կախված: Լվացվելուց հետո պարտադիր տոնիկ օգտագործեք՝ այն մաշկը խոնավացնում եւ թարմացնում է: Դրանից հետո քսեք խոնավացնող կրեմ՝ դարձյալ սպիրտ չպարունակող: Վերցրեք փոքր կրեմ, քանի որ ավելցուկը մաշկի համար այնքան էլ լավ չէ: Խորհուրդ եմ տալիս տարայից կրեմը թիակով վերցնել՝ բակտերիաների բազմացում թույլ չտալու համար: Իդեալական է պրոֆեսիոնալ կոսմետիկայից օգտվելը: Մասնագետը կօգնի ճիշտ խնամք ընտրել՝ ձեր մաշկին եւ խնդիրներին համապատասխանող:

Սքրաբներ օգտագործեք, որոնք թեփոտում են մաշկի վերին շերտը: Ոչ մի դեպքում չի կարելի սրճային կամ մեղր պարունակող դիմակներ դնել՝ դա կարող է ալերգիա առաջացնել: Կարելի է ամենօրյա տնային դիմակներ պատրաստել՝ կաթով վարսակ, թթվասերով բանան: Օժանդակ էֆեկտ կապահովվի, եւ մաշկը կփայլի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Հունվար / 2020 : 16-47
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 28227անգամ
Վերջին լուրեր