Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունվար / 2021 : 16-40

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 98 տարեկան:

Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Կարպ Խաչվանքյանը հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ:

 

Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Նրա կերտած կերպարներից ամենասիրվածը, թերևս, Կնյազի կերպարն է «Տաքսի-տաքսի» երաժշտական կատակերգությունում:

Ինչ խոսք սիրված կերպարներից է նաև Ջ․ Սկառնաչչի և Ռ․ Տարաբուզիի «Խավիար և ոսպ» պիեսի հիման վրա նկարահանված «Հասարակության ծաղիկ Սինյոր Պապագատտո» հեռուստաթատրոնի գլխավոր հերոս՝ անկրկնելի Սինյոր Պապագատտո-ն։

 

       

 

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը» (1949 թվականին), «Պատվի համար» (1956 թվականին), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվականին), «Ատամնաբույժն արևելյան (1981 թվականին)։

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

 

 

Մահացել է 1998 թվականին՝ Երևանում:

Դիտվել է 48726անգամ
Վերջին լուրեր