Իրանի ու Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Այս մասին ասել է նահանգի նահանգապետ Աքբար Բեհնամջուն. հաղորդում է trend.az-ը:
Ըստ նրա` ադրբեջանա-իրանական հանձնաժողովի 14-րդ տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության նիստում նախագծի հետ կապված համաձայնագիր է ստորագրվել:
Բեհնամջուն հավելել է, որ Արդաբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է: Նահանգապետը նշել է, որ տերմինալը կնպաստի Արդաբիլի նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ: «Այս տերմինալի և արդյունաբերական պարկի ստեղծումը տարածաշրջանի երկու երկրների համար կբարձրացնի ներդրումների հնարավորությունները»,– եզրափակել է նա։