Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել
Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: «Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Հրազենի գնդակը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում: