27 / Հունվար / 2021 : 16-10

«Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»․ Կարո Փայլան (լուսանկար)

Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում, փոխանցում է ermenihaber-ը։

Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը' հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:

Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»: 

Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «որբերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը: 

Անդրադառնալով դիմանկարի պատմությանը' Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի որբերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո: 

Էրդողանն ապաշուք թուրք զորավարի երախտիքը ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.

«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և  որքան մեծահոգի է եղել մեր նախնին.

Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային... Տրապիզոնի հայ որբերի կողմից... Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:

Նշենք, որ դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է: 

Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:

 

Փայլանը մասնավորապես գրել է.

«Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվել են: Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»:

Դիտվել է 59326անգամ
Վերջին լուրեր