Մահացողի որդին ջերմություն է ունեցել, կարանտինում է եղել, բայց թաղմանը շտապօգնության մեքենայով բերել են ու տարել. Ինչու փակեցին Նորաշենի ճանապարհը
Նորաշենում 2–3 օր առաջ թաղում է եղել, ահագին մարդ են հավաքվել, կարծում եմ՝ դրա համար են հիմա գյուղի ճանապարհը փակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ մահացածը 53 տարեկան տղամարդ է եղել, որն ինֆարկտից է մահացել։ «Ահագին մարդ են հավաքվել գյուղում։ Մահացողի տղան էլ Ռուսաստանից վերադարձել է, ջերմություն է ունեցել, կարանտինում է եղել, բայց թաղմանը շտապօգնության մեքենայով բերել են ու տարել։ Դե ժոողվուրդն էլ երեւի փաթաթվել են. այդպես։ Հետո էլ նախկին գյուղապետի օբյեկտում հոգեհաց են տվել, մոտ 100 հոգի մարդ է եղել, հիմնական պատճառը կարծում եմ դա է։ Հիմա անցակետեր են դրել ու գիշերը 12–ին գյուղը փակեն մի քանի օրով»։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման։
NEWS.am