Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2021 : 15-28

«Թող ինձ ների երկինքը, սիրուց առավել դու ես միայն, ոչ թե Աստված». Հուսիկ Արա 

Հունվար

Կյանքից թանկ սերն է քո անունով.
քանի՞ անգամ ուզեցել եմ մեռնել,
բայց ապրում եմ,
որ համդ զգամ էլի մեկ օր։

Նախ բարակ մարմնիդ նուրբ գծերը տեսա,
հետո ճանաչեցի հայտնության պես հոգիդ.
հայացքիս պատռված տեղերը հավաքվեցին,
և մարմնիս ամեն բջիջը դարձար:
Ու քեզ այնպես սիրեցի,
որ ձմռան մեջ խոստացա մեկ օր գարուն,
և հունվարի վերջին օրը գարուն էր արդեն:

 

Դու ցատկոտում էիր տաք լույսի մեջ անակնկալ ուրախ,
քեզ հետ` բոլոր ընկերուհիներդ զարմացած.
արթնացած բնության աստվածուհին էիր,
և այդ մեկ օր գարունը քոնն էր ձմռան կեսին:
Նայում էի կատարված հրաշքին ու ասում`
ի՞նչ հզոր է սիրո ուժը, Աստված իմ,
որ կարող է բնության ընթացքը փոխել:

Իմ ապրելու բանաձևը դու ես տվել.
երջանիկ եմ, երբ սեր կա մեջս
ու բանաստեղծություն:
Բայց այդ բառը` սեր,
որ տիեզերքի այցեթուղթն է մարդու աշխարհ,
այնպես նեղլիկ ու լղար է թվում հիմա
և անկարող է տեղավորել ամբողջը`
ինչ ես եմ զգում քո նկատմամբ.
թող ինձ ների երկինքը,
սիրուց առավել դու ես միայն,
ոչ թե Աստված:

 

 

Մարմնիդ մոտենալով`
քո դուռն եմ եկել որպես ուխտավոր,
ոչ թե կրքից մոլեգնած կեսգիշերի սիրեկան:
Քեզ սիրելով` ինձ եմ փրկել.
քեզ ունեմ օդ, աշխարհ ու արև,
իսկ թե ի՞նչ ես զգում դու, ներիր,
այնքան էլ չի հուզում ինձ:
Թե դժգոհ ես` սիրտս հանիր.
ես չէ, նա է ուղղորդել ինձ` մատնելով հասցեդ:

Քեզ չեմ ասել այս պատմածից գոնե մի բառ.
հանկարծ չավերես այն գեղեցիկը,
որ իմ կյանքն է քո նվիրած օրերով:

Վերցրո՛ւ քեզ հետ, երակիդ մեջ առ
սրտի գույն խոստովանությունն այս,
որ կյանքիդ բոլոր օրերում
չար ու փորձանքից քեզ կպաշտպանի
թալիսմանի պես:

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ 

Լուսանկարները՝ հեղինակի դիմատետրի էջից

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Հունվար / 2021 : 15-28
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 43139անգամ
Վերջին լուրեր