09 / Փետրվար / 2021 : 12-17

Միջուկային ֆիզիկոսի  սպանության գործում իրանցի զինվորական է ներգրավված եղել

Իրանի զինված ուժերի անդամներից մեկը ներգրավված է եղել միջուկային ֆիզիկոս, պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գործում: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքերով` հետախուզությունը գիտեր ֆիզիկոսի մոտալուտ մահափորձի մասին, գիտեր, թե որտեղ է դա տեղի ունենալու, բայց հայտնի չէր ժամանակը, դրա մասին նախարարությունը տեղեկացրել է պատկան մարմիններին, այդ թվում՝ սպանությունից 5 օր առաջ:

«Մարդը, որը զբաղվում էր մահափորձի նախապատրաստական գործողություններով, զինված ուժերի անդամ էր»,-ասել է Ալավին` ընդգծելով, որ իր գերատեսչությունը երկրի զինված ուժերում հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն չունի:

Նա ընդգծել է, որ այս կապակցությամբ իրենք դիմել են զինված ուժերին, որի անդամ էր  ֆիզիկոսը, վերահաս մահափորձի հարցի շուրջ համակարգման համար, բայց Ֆախրիզադեն սպանվել է նախքան հակագործողությունների իրականացումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Դիտվել է 7190անգամ
Վերջին լուրեր