10 / Փետրվար / 2021 : 12-12

Թուրքիան ծրագրում է հրթիռ ուղարկել Լուսին

Թուրքիան նախատեսում է 2023 թվականի վերջին տիեզերք արձակել սեփական արտադրության հիբրիդային հրթիռը, որը կոշտ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 10 կետից բաղկացած ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Ծրագրի հիմնական և ամենակարևոր առաքելությունը Լուսնի հետ առաջին շփումն է մեր հանրապետության հարյուրամյակի տարում:

Թուրքիան, որը դարեր շարունակ արդարության, բարոյականության և խաղաղության առաջնամարտիկ է եղել ամբողջ աշխարհում, դարպաս է բացում իր քաղաքակրթության «տիեզերական ճանապարհորդության» համար»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ ծրագիրը պատրաստվել  և իրականացվելու է Թուրքիայի տիեզերական գործակալության կողմից»:

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ «Ազգային տիեզերական ծրագրի ճանապարհային քարտեզը, որը երկիրը կտանի համաշխարհային տիեզերական մրցավազքի բարձրագույն լիգա, հաջողությամբ կիրականացվի»:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մտադիր է տարածաշրջանային դիրքավորման և սինխրոնիզացիայի համակարգ ստեղծել:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ծրագրում է «տիեզերակայան ստեղծել և ապահովել իր մուտքի հնարավորությունը դեպի տիեզերք»:

 

 

Դիտվել է 7442անգամ
Վերջին լուրեր