Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2021 : 16-45

 Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ Շվեդ խորհրդարանականներ

Շվեդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը: Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը:

Խորհրդարանական խմբի անդամներ Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալմը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ այդ երկիրը քաղաքականացնում է մարդասիրական հարցը՝ միևնույն ժամանակ փորձելով արգելել միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՄԱԿ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի հետևանքով խոչընդոտվում է ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը:

Հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետին՝ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին «արագացնել մահացած անձանց աճյունների, ինչպես նաև ռազմագերիների ու գերիների փոխանակումը, դադարեցնել նրանց դեմ քրեական գործընթացներն ու ապահովել տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»:

«Ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը կլինի առաջին քայլերից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վստահության վրա հիմնված մթնոլորտի վերականգնման ճանապարհին:

Մենք նաև կոչ ենք անում Եվրամիության կառույցներին այս մարդասիրական հարցը մշտապես բարձրացնել Ադրբեջանի Հանրապետության հետ ներկա ու ապագա հարաբերությունների համատեքստում»,- ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:

Դիտվել է 8704անգամ
Վերջին լուրեր