16 / Ապրիլ / 2020 : 22-54

Երբ նրանից հեռու եմ լինում, նա ամեն օր նկարում և ինձ է ուղարկում Արարատը

-Երբ նրանից հեռու եմ լինում, նա ինձ համար ամեն օր նկարում և ուղարկում է իր պատուհանից երևացող բոլոր տեսարանները ,հատկապես` Արարատը,֊ոգևորված ասաց աղջիկը` թերթելով հեռախոսի էկրանին երևացող նկարները ` ուղարկված ընկերոջ կողմից:

Տղան, որը ոգևորված աղջկա վաղեմի գործընկերն էր և հաճախ ստիպված լսում էր նրա անձնական պատմությունները, տխրեց. նա ցավ զգաց մարդկանց այսքան իրար նման լինելու համար. բոլո՜ր֊բոլո՜րն ունեն նույն առօրյան։ Հիշեց, որ ինքն անգամ ունեցել է նկար, որ հաջորդաբար ուղարկել է իր կյանքի տարբեր ժամանակների մի քանի աղջիկների։

«Եթե մեկը փորձի ուսումնասիրել շատ զույգերի փոխհարաբերությունները, կմեռնի ողբերգությունից կամ ձանձրույթից», - քմծիծաղ տալով նա կկոցեց աչքերը՝ հիշողության մեջ փորձելով գտնել մեկին, որը երբևէ իրեն չի նկարել և ուղարկել իր լուսամուտից այն կողմը։

֊Նա՛, անգամ նա՛, նկարում էր,֊վերհիշելով ` ձեռքի ափերն իրար սեղմեց տղան,֊ ես անգիր գիտեի նրա պատուհանից երևացող տեսարանը. այնտեղ Արարատը չկար (երևի մյուսներից քիչ էր սիրում հայրենիքը)։

Փոխարենն իր պատուհանից նկարում ու ուղարկում էր անտուն կատվի ձագերին, որոնց կերակրում էր հենց ինքը, մի անգամ էլ նկարել և ուղարկել էր իր թաղամասում մենակ ապրող ժպտացող տատիկին, ում նա երբեմն հյուր էր գնում: Նկարել էր մի հոգատար տղամարդու, որն ամեն օր զբոսնում էր իր կնոջ հետ, նկարել էր մի տղայի, որը սովորեցնում է իրենից փոքրին, թե ինչպես վարի հեծանիվը, նկարել էր իր պապի տնկած ծառը հաճախ մշակող Հակոբ պապին շատ հարցեր տվող Հակոբիկին ։ Բոլորի պես իր պատուհանից երևացողը նկարում էր նաև նա։

Տղան այլևս չկկոցեց աչքերը և չլարեց հիշողությունը, որ հանկարծ ու հանկարծ չգտնի տարբերություն աղջկա ու մյուսների միջև։

-Ի վերջո, բոլոր կանայք էլ լքելիս նմանվում են իրար,- հանգիստ շունչ քաշեց նա։

Դիտվել է 17223անգամ
Վերջին լուրեր