Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Փետրվար / 2021 : 15-02

Նավասարդը ոչ թե ամռանն էր, այլ աշնանը․ բացահայտումներ և հետաքրքիր փաստեր (տեսանյութ)

Նավասարդը ոչ թե ամռանն էր, այլ աշնանը, Վարդավառին պատանիները մրցում էին, թե ով ավելի գեղեցիկ քառյակ կհորինի, ո՞վ է սուրբ Դավիթը, ինչպե՞ս Հակոբ Մծբնեցին գտավ Նոյան Տապանի մասունքը, ինչպե՞ս էին տղամարդիկ զրուցում գութանի եզների հետ` երգի միջոցով, ինչու՞ էին պատանի աղջիկները մեկ ամբողջ օր սարում անցկացնում` պատրաստվելով տանտիկնոջ դերին. այս և այլ հետաքրքիր մանրամասններ կիմանաք, եթե դիտեք «Տոմարային ծիսաշար» անունը կրող հաղորդաշարը։ Մի քանի ամիս առաջ մեկնարկած այս նախագծի շրջանակներում ազգագրագետ-մշակութաբան մասնագետները պատմում են հայկական ավանդական տոնածիսական մշակույթի մասին։

Հարց. Ինչպիսի՞ արձագանք եք ստացել հաղորդաշարի արդեն թողարկված հաղորդումների շուրջ։

Լ.Ս. -Արձագանքներ շատ չեմ ստացել, սակայն ստացածս կարևոր է, քանի որ արձագանքել են հիմնականում մասնագետ-կոլեգաներս, որոնք ասում են, որ շատ նոր բան սովորեցին: Տեղեկատվության հարստությունից բացի գովում են առաջին հերթին գեղագիտական մոտեցումը հաղորդաշարին, այսինքն ընտրված երգերի, ձևավորման մեջ կիրառված գունային լուծումների գեղեցկությունը: Արդեն եղել են նաև հաղորդագրություններ, որոնցում մարդիկ կիսվում են իրենց բնակավայրի, նույնիսկ սեփական նախնիների, մեծերի սովորույթների մասին, հայտնում են ինչ-որ առարկաների, ծեսերի, ճաշատեսակների տեղական անվանումներ և այլն: Այդ ամենը մենք հնչեցնում ենք հաջորդող հաղորդումների մեջ կամ գրանցում ենք մեր շտեմարաններում: Կան նաև հոգևորականների դրական կարծիքներ, համաձայն որոնց այսպիսի հաղորդաշարը բացահայտումներ է պարունակում նաև իրենց համար: Ընդհանուր առմամբ, մինչև այս պահը ստացել ենք միմիայն դրական արձագանքներ:

 

 

Հարց. Մինչև սկսելը Ձեզ համար ձևակերպված նպատակ ունեիք, այժմ, երբ դիտում եք պատրաստի հաղորդումները, կարծու՞մ եք, որ հասել եք Ձեր նպատակին։

Լ. Ս. -Եվ այո´, և ո´չ: Բանն այն է, որ ինչ-որ գիտելիք փոխանցելու համար կարևոր է լսարանը: Ի սկզբանե նպատակ ենք ունեցել ոչ միայն որքան հնարավոր է ավելի լայն շրջանակներում տարածել այն գիտելիքը, որը հայ ժողովրդի և Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների կենդանի պատմությունն է, այլև նպաստել այդ գիտելիքի ամրապնդմանը, գործնական կիրառմանը, ազգապահպան դերի բարձրացմանը: Հաղորդումները սկսեցին թողարկվել դեռևս պատերազմից առաջ և շարունակվեցին մինչև 2021 թ. սկիզբը: Դիտումների քանակը ցույց տվեց, որ պատերազմի ընթացքում մարդկանց այդքան էլ չէին հետաքրքրում այդպիսի հաղորդումները, մինչդեռ դիտումները մի քանի անգամ ավելի շատ էին պատերազմից առաջ: Այս պարագաներում կենտրոնացանք ոչ այնքան տարածման, որքան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կողմի վրա, հաղորդումները դարձնելով այնպիսին, որ դրանք հետաքրքիր լինի դիտել նաև տարիներ և տասնամյակներ անց, և դրանց նշանակությունը չնվազի, այլ նույնիսկ ավելանա ժամանակի հետ:

Հարց. Պատերազմի ֆոնի վրա նորից կարևորվեց ազգայինը պահպանելու և փոխանցելու թեման, ի վերջո ինչու՞ է դա այդքան կարևոր։

Լ. Ս.-Կարծում եմ, որ եթե հասարակության մեջ առհասարակ բարձրանում է այն հարցը` կարևոր է արդյոք ազգայինի պահպանումը, դա արդեն իսկ նշանակում է, որ տվյալ մշակույթը վտանգված է և հատուկ պաշտպանության կարիք ունի: Պատերազմն ուղղակի էլ ավելի է սրում այդ խնդիրը, հատկապես եթե հարցը դրվում է այնպես, որ պետք է ի վերջո ընտրություն կատարել ֆիզիկապես գոյատևելու և հայ լինելու միջև: Ցավոք, այդ հարցի պատասխանը մեր այս հաղորդումից այդքան էլ կախված չէ, թեև «Տոմարային ծիսաշարը» դիտողը կարող է որոշակի գորովանքով համակվել հայոց մշակույթի հանդեպ: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է առանձին անձը վերաբերվում այդ հարցին, հայոց ազգային մշակույթն արժանի է պահպանման, և հենց այդ գործառույթն էլ որդեգրել է մեր հաղորդաշարը` իր միջոցներով և իր սահմաններում:

 

 

Հարց. Այդ գործում ի՞նչ դեր ունի ժողովրդական տոնածիսական մշակույթը։ Ասենք թե իմացանք, թե երկու հարյուր տարի առաջ ինչ ծես էին անում պատանի աղջիկները Միջինքի օրը, այսօր մեր ինչի՞ն է դա պետք։

Լ. Ս. - Մարդը ինքնանույնականացման հիմունքների կարիք ունի: Եթե նա ընտրում է նույնականանալ հարստության, առաջադիմության, ճշգրիտ գիտելիքների հետ, դա իր իրավունքն է: Սակայն նույնականացման հիմունքներից ամենահզորը եղել և դեռ այսօր էլ մնում է մարդու ծագումը, այսինքն, այն, ինչ կատարել, ստեղծել են նրա նախնիները, պատիվ է բերում նաև իրեն, անգամ եթե նա ոչինչ չի ավելացրել դրանց վրա: Ազգային պատկանելիությունը, արժեքները, որոնց շրջանակում կատարվում էր թեկուզև Միջինքի ծեսը, ուղղակի պատմական փաստեր չեն: Դրանք կապված են բազմաթիվ պատմությունների ու առասպելների, խորհրդանիշների ու խորհրդանշական առարկաների, բարոյական նորմերի ու գեղեցիկի մասին պատկերացումների, միով բանիվ` աշխարհայացքի այն կարևորագույն բաղադրիչների հետ, որոնք հպարտության կամ ջերմության զգացում են առաջացնում, դրանք պահպանելու և պաշտպանելու պատասխանատվություն են ներշնչում, հատուկ իմաստավորվածություն են տալիս մարդու կյանքին: Ավելին, դրանք իրար են կապում միևնույն ազգի ներկայացուցիչներին, կամուրջներ ձգելով սերունդների և աշխարհագրական տարածքների միջև:

Ըստ էության, այդ մշակույթը եթե կորած էլ չէ, կործանման եզրին է: Անկախ այն բանից, թե ինչ է պետք այսօրվա միջին վիճակագրական հային, ավանդական մշակույթի կարևորությունը կարող է ի հայտ գալ տարիներ, տասնամյակներ, դարեր անց: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է պահպանվի ամեն գնով այսօր: Այլապես կարող ենք համարձակորեն դեն նետել թանգարանների պարունակությունը, վառել բոլոր գրքերը և - ինչու՞ ոչ – հողին հավասարեցնել հին գերեզմանոցները - չէ՞ որ աշխարհի կտրվածքով դրանք պետք են չնչին քանակությամբ մարդկանց: Այսպիսի ասացվածք կա. «Կելնի հերս` կտրի գլուխ, կիջնի հերս` չի գտնի գլուխ»: Իսկ եթե ավելի ուշ, երբ հանկարծ պարզ դառնա, որ ոչ ոքի պետք չէ հենց այն, ինչի վրա այդ նույն միջին վիճակագրական հայը ամենից շատ գորովում է ներկայումս, և անհրաժեշտ դառնա ինչ-որ բան վերստեղծել, նորից սովորել իմաստուն նախնիներից, այնժամ ո՞վ իմանա, գուցե հենց տոնածիսական մշակույթից, թեկուզև Միջինքի անպաճույճ, անմեղ ծեսից հնարավոր լինի սկսել փլուզված շենքի վերականգնումը: Հուսանք, որ դրան գործը չի հասնի, բայց պահպանել և հաջորդ սերնդին փոխանցել մենք պարտավոր ենք:

 

 

Հարց. Իսկ որքանո՞վ է հենց «Տոմարային ծիսաշարը» ծառայում այդ հույժ կարևոր գործին։

Լ. Ս.-Մեր հաղորդաշարը, նվիրված լինելով տոներին, իրականում հնարավորինս լիարժեք ձևով ներկայացնում է յուրաքանչյուր տոնի էությունը և տեղը հայոց ընդհանուր մշակույթի մեջ: Այս նպատակով է, որ մենք ոչ միայն պատմում ենք տվյալ տոնի մեջ մտնող ծեսերի կամ սովորույթների մասին, այլև բացատրում ենք այդ ծեսերի ներքին իմաստը, բացում խորհրդանշական կապերը, մատուցում բազմաթիվ մեր օրերում անհասկանալի դարձած, ինչ-որ տեղ կախարդական, ինչ-որ տեղ ցավոտ հայ ավանդական գոյի ու կենցաղի այն աշխարհը, որի ներսում դրանք ստեղծվել ու գոյատևել են դարեր շարունակ: Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ապա մենք գուցեև ավելի քիչ ենք գիտակցում նորօրյա մեր ծեսերը, այն, թե ինչ իմաստ ունեն դրանք մեզ համար զվարճալիքից անդին: Ավանդական տոնը նույնպես ունի զվարճալիքի գործոնը, այսօր էլ շատ հին արարողություններ, դրանց բաղադրիչը հանդիսացող ուտեստը, ձևավորումը, երաժշտությունը, կարող են պարզապես գեղագիտական հաճույք պատճառել: Ավելին, դրանց կրողների սակավությունը, դրանց դժվարմատչելիությունը դրանք դարձնում են միանգամայն էլիտար, հատուկ, նույնիսկ էկզոտիկ:

«Տոմարային ծիսաշարը» հաղորդաշար է տոմարի ու հին տեխնոլոգիայի, հավատքի ու առասպելի, մտածելակերպի ու երևակայության մասին, այն տեղափոխում է ունկնդրին մեկ այլ աշխարհ, մեծ պատմական Հայաստանի ու պապենական արժեքների, զգացմունքների, ձևի ու բովանդակության այսօր շատերի համար... նոր ու անծանոթ մի համադրության աշխարհ: Մեզ համար կարևոր էր փոխանցել հենց այդ աշխարհայացքը, իրականությունը և դրա ընկալումը մեր նախնիների կողմից:

«Տոմարային ծիսաշարը» հետևողականորեն անդրադառնում է նաև նյութական պատմական-ազգային արժեքներին, այն կարևոր դերին, որ դրանք երբեմնի կատարել են, իսկ որոշ դեպքերում` այսօր էլ դեռ կատարում են մարդկանց կյանքում: Այսպես, ծիսական շինությունները, վանքերն ու եկեղեցիները, ավետարաններն ու հմայիլները, ճաշատեսակներն ու տիկնիկներ սոսկական պատմական հիշողություններ կամ կոթողներ չեն, դրանք սերտորեն կապված են մարդկանց կյանքի, բարoրության և բարոյականության, գիտելիքի ու, իհարկե, երազանքների, երջանկության մասին պատկերացումների հետ:

 

 

Հարց. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չկորցնենք այդ գեղեցիկ մշակույթից մեզ հասած պատառիկները։

Պետական միջոցառումներից զատ ամեն առանձին մարդ ի զորու է պահպանել գոնե իր ընտանիքի, գերդաստանի ներսում պահպանված հիշողությունները: Շատերը մանկուց պահպանել են հիշողություններ, օրինակ, այն սրբավայրերի մասին, որոնց ուխտի են գնացել իրենց տարեցների հետ, հիշում են սեփական կնունքի ավանդական մանրամասները, սեփական տատի եփած ավանդական ուտեստի համն ու հոտը, պապի պատմած պատմությունները: Եթե մարդիկ փայփայեն իրենց տոհմի պատմությունը, ապա մեծապես կնպաստեն հայ ժողովրդի ավանդական անցյալի կոթողների պահպանման գործին:

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա առաջին թողարկումը ու պահքի երեկվա հաղորդումը։

Դիտվել է 22824անգամ
Վերջին լուրեր