19 / Փետրվար / 2021 : 13-31

Մի թողեք Թումանյանին ձեր մանկության մեջ, նա ձեզ ասելիք ունի...

Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էս բարի, առեղծվածային պապիկին, որ 55-ը անգամ չբոլորեց, բոլորս ճանաչում ենք: Գոնե մեր ու մեզնից առաջ եկած սերունդներին, այբուբենից հետո, Թումանյանի հեքիաթների գիրքն էր հաջորդում:

Ծանոթ ենք հատընտիր քառյակներին, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով, մենք հաճախ սիրում ենք ցիտել դրանք: Բոլորս, գիտենք որոշ պատմություններ իր կյանքից, գիտենք ու չէինք կարող չիմանալ, որ իր կենդանության օրոք անգամ, համարում էին ամենայն հայոց բանաստեղծ: Քիչ ու միչ ծանոթ ենք կյանքին և գործունեությանը:

Ահա այսպես է տպավորված նա, մեր ժողովրդի մեջ, բայց արդյո՞ք Թումանյանն այսքանն է: Մի մարդ, ում իր կենդանության օրոք ընդունում էր ողջ տարածաշրջանը, մարդ ում պատմությունների, պոեմների վրա նկարահանվել են ֆիլմեր, գրվել են օպերաներ, երգեր:

 

Մարդ, ով ստեղծել էր ժամանակի միակ հոգևոր-գիտական կենտրոնը` ՎԵՐՆԱՏՈՒՆԸ ու իր շուրջն էր հավաքել ժամանակի մեծերին` Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Մի կառույց որի հյուրերն ու բարեկամներն էին Կոմիտասի ու Անդրանիկի նմանները: Մարդ ում անունով ունենք փողոցներ ու դպրոցներ, գյուղեր ու թանգարաններ: Ճանաչու՞մ ենք մենք այս մարդուն իրապես, արդյո՞ք վերցրել ենք իրենից այն, ինչը ժառանգել է մեզ, թե՞...

Հիմա մեջբերեմ մեկ նախադասություն հենց իրենից, որ գրել է իր կյանքի մայրամուտին.
«Ես գիտեմ, մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»։

Ո՞վ գիտի այդ ուրիշ բանը, ո՞վ է ճանաչում դեռ չբացահայտված Թումանյանին և ու՞մ է հետաքրքիր: Կա՞ն մարդիկ, ովքեր ուզում են անգամ իր մահից մեկ դար անց, բացահայտել և դասեր վերցնել այդ մեծ ուսուցչից: Գուցե հենց այդ դասերի կարիքը ունենք այսօր, օդի ու ջրի պես...

Ծնունդդ շնորհավոր մեծ հոգի»։

 

Դիտվել է 12714անգամ
Վերջին լուրեր