19 / Փետրվար / 2021 : 14-22

Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է  ազգային մշակութային ցեղասպանություն․ Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականության առնչությամբ: 

«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ` ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:

Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ):

 

Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված «Նաիրյան» առաջին համահայկական պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ: Առաջին անգամ մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն:

Մենք՝ ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ, մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված «Ոսկե կլառնետ» խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն: Այդ նախագիծը իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ:

Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը:
Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն»։

Դիտվել է 17696անգամ
Վերջին լուրեր